Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը այցելել է հարավարևելյան սահմանագոտի


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անցած ուրբաթ օրը այցելել է հարավարևելյան սահմանագոտի: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հայ - ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանը առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպաների հետ: Նա գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել զինվորների ֆիզիկական պատրաստության ասպարեզում, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Նախարարը ծանոթացել է նաև սպաների համար կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքների ընթացքին:

Հաջորդ օրը` օգոստոստի 10-ին Սեյրան Օհանյանը մասնակցել է Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որին ներկա էին նաև Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, բարձրաստիճան զինվորականներ, Մովսես գյուղի բնակիչներ:

Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրու բացման արարողությունը: Այնուհետև Սեյրան Օհանյանը ծաղիկներ է դրել Մովսես գյուղի Մեծ հայրենականի և Ղարաբաղյան պատերազմի տարիներին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ելույթ ունենալով Մովսես գյուղի օրվան նվիրված հանդիսավոր նիստում՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, ասել է․ - «Հազարամյա պատմություն ունեցող այս գյուղը շարունակել է պահպանել իր պատմական այն բոլոր ավանդույթները, որոնք բնորոշ են հայ ժողովրդին, բնորոշ են նրա պատմության շարունակականությանը, բնորոշ են պայքարին: Հենց դա է հնարավորություն տվել, որպեսզի Մովսես գյուղը միշտ լինի համախմբված դժվարագույն պայմաններում: Մովսես գյուղը այսօր մի յուրահատուկ ամրոց է, որը պահպանում է Տավուշի մարզի նշված տարածքը»:

Օհանյանը նշել է, որ Մեծ հայրենականի տարիներին մովսեսցիներից 402 կամավորականներ մեկնեցին մարտադաշտ: «Ցավոք սրտի, նրանցից 207-ը չվերադարձան մարտի դաշտից: Նրանց օրինակի ու հերոսական կերպարի շնորհիվ է, որ մեր սերնդակից մովսեսցիներից 484-ը կռվեցին և իրենց մեծ ներդրումն ունեցան Արցախյան ազատամարտում: Նրանց անձնվիրության շնորհիվ է, որ մենք այսօր կարողանում ենք ոչ խաղաղություն, ոչ պատերազմ պայմաններում ապահովել մեր սահմանամերձ բնակավայրերի մարդկանց խաղաղ արարումը», - ասել է պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ Մովսես գյուղի բնակիչները կարող են համոզված լինել, որ իրենք այսօր միայնակ չեն․ - «Նրանց թիկունքում են իրենց բոլոր համագյուղացիները, այդ թվում նաև նրանք, ովքեր գտնվում են արտասահմանում, այնտեղ հաջողությունների են հասել և դրա հետ մեկտեղ աշխատում են օգտակար լինել իրենց հարազատ գյուղին»:

Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտպանության նախարարությունն ավելացնելու է սահմանամերձ բնակավայրերի պայմանագրային զինծառայողների քանակը, քանի որ դրանով, բացի պաշտպանությունից, նաև սոցիալական խնդիրներ են լուծվում: «Իսկ սահմանների ինժեներական սարքավորման աշխատանքները լինելու են շարունակական, բանակը լինելու է զգոն, որպեսզի մարդիկ միշտ վստահ լինեն, որ մենք իրենց կողքին ենք», - ասել է նախարարը:

Նույն օրը Օհանյանը հյուրընկալվել է Սևանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG