Մատչելիության հղումներ

Աշնանը ռուս - վրացական երկխոսությունը կշարունակվի


Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձե, արխիվ
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձե, արխիվ

Բանագնաց Զուրաբ Աբաշիձեի փոխանցմամբ՝ դա կլինի բարդ և երկարատև գործընթաց։

Ռուս - վրացական հարաբերությունների առողջացումը պայմաններ կստեղծի դիվանագիտական կապերի վերականգնման համար։ Այդ մասին երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։

«Մեր ռուսաստանցի գործընկերները շատ լավ գիտակցում են, որ տվյալ իրավիճակում մենք չենք կարող գնալ դիվանագիտական կապերի վերականգնման, քանի որ դա կնշանակի, որ մենք մերվում ենք նոր իրականության հետ և հրաժարվում ենք մեր տարածքներից», - Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է Աբաշիձեն։

Նրա խոսքերով, վերականգնումը հնարավոր կլինի որոշակի փուլում, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացն առաջ գնա և գրանցվի լուրջ ճեղքում։

Առաջին փուլում անհրաժեշտ էր լուծել գործնական խնդիրներ, որոնք կապված են առևտրի, տրանսպորտի և տնտեսական հարաբերությունների հետ, այն, ըստ Աբաշիձեի, կողմերն արդեն հաղթահարել են։

«Հնարավոր է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին մենք կանցնենք երկրորդ փուլին, քանի որ պարտավոր ենք քննարկել ավելի լուրջ հարցեր։ Դա արագ չի լինի, մենք միշտ ընդգծել ենք և հիմա էլ կրկնում ենք, որ դա բարդ և երկարատև գործընթաց է», - ասել է հատուկ բանագնացը։

2008 թվականի օգոստոսի 8-ին Հարավային Օսիայի տարածքում ռազմական լայնածավալ գործողություններ են սկսվել։ Կարճատև պատերազմի ընթացքում ռուսական ստորաբաժանումները գրավել են Ցխինվալին և Հարավային Օսիայի տարածքից դուրս են մղել վրացական բանակի զինվորներին։

Օգոստոսի 12-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Վրաստանը պետք է դուրս գա ԱՊՀ-ի կազմից։ Երկու օր անց Վրաստանի խորհրդարանը համապատասխան որոշում է ընդունել։

2008-ի օգոստոսի վերջին Մոսկվան պաշտոնապես ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունն ու այդ կազմավորումների հետ կնքել է անվտանգության հարցում համագործակցելու պայմանագրեր։

Ի պատասխան դրան` Վրաստանը խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը և անջատողական կազմավորումները հայտարարել է գրավված տարածքներ։

Մեկ տարի անց` 2009 թվականի օգոստոսի 17-ին Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ-ի կազմից։

Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը մի քանի երկիր է ճանաչել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը այդ երկու կազմավորումները Վրաստանի անբաժան մաս են համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG