Մատչելիության հղումներ

Ուիլյամը եւ Քեյթը արու զավակ ունեցան


Ավանդույթի համաձայն,մունետիկը ազդարարում է արքայազն Ուիլյամի եւ դքսուհի Քեյթի առաջնեկի ծննդյան լուրը։
Ավանդույթի համաձայն,մունետիկը ազդարարում է արքայազն Ուիլյամի եւ դքսուհի Քեյթի առաջնեկի ծննդյան լուրը։
Լոնդոնից ստացված հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Եղիսաբեթ երկրորդ թագուհու թոռը` Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը երեկ արու զավակ է ունեցել։

Քեմբրիջի դքսուհի Քեյթը տղա է ծնել Լոնդոնի Փադինգթոն թաղամասի Սուրբ Մարիամ հիվանդանոցում։ Բուքինգհեմյան պալատը հաղորդել է, որ «արքայազնը եւ դքսուհին անչափ երջանիկ են»։

Բժիշկների փոխանցմամբ, «դքսուհին եւ նորածինը բարվոք առողջական վիճակում են»։

Արքայազն Ուիլյամի հայրը` Ուելսի դուքս, թագաժառանգ Չարլզը հայտարարել է, որ շատ ուրախ է առաջին թոռան ծննդյան կապակցությամբ։

«Ես հպարտ եմ առաջին անգամ պապ դառնալու առիթով, գիտեմ, որ ցանկացած մարդու կյանքում դա բացառիկ պահ է, անհամբերությամբ սպասում եմ թոռանս տեսնելու պահին»,- ասվում է արքայազն Չարլզի ուղերձում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ասել է, որ «ամբողջ ազգը մեծ ոգեւորությամբ է ընդունել արքայական տանն արու զավակի ծննդյան լուրը եւ ողջունում է երջանիկ ծնողներին»։

Անգլիական եկեղեցու ավագ քահանայապետ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հայտարարել է, որ կիսում է ուրախությունը երջանիկ ծնողների հետ։

«Թող Աստված այդ ընտանիքին պարգեւի երջանկություն, առողջություն եւ սեր իրենց համատեղ կյանքում»,- հայտարարել է արքեպիսկոպոսը։

Հազարավոր բրիտանացիներ` լսելով թագաժառանգի ծննդյան ուրախ լուրը, դուրս են եկել Լոնդոնի փողոցներ։ Մարդկանց մեծ խմբեր հավաքվել են Բուքինգհեմյան պալատի, ինչպես նաեւ Սուրբ Մարիամ հիվանդանոցի մոտ։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տոնական մթնոլորտ է, կենտրոնական փողոցներում «Յունիոն Ջեքը» (բրիտանական պետական դրոշը) պարզած լոնդոնցիները եւ նրանց միացած օտարերկրացի զբոսաշրջիկները երգում ու պարում են։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG