Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին


Գլխավոր դատախազության շենքը Երեւանում
Գլխավոր դատախազության շենքը Երեւանում

Դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք ՎՊ-ի հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել:

Այն նյութերում, որտեղ կան հանցագործության հատկանիշներ, բնականաբար կհարուցվեն քրեական գործեր: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու Գլխավոր դատախազությունը Վերահսկիչ պալատի ներկայացրած բացահայտումներից անմիջապես հետո չսկսեց ուսումնասիրել դրանք, այլ սպասեց, որպեսզի Ազգային ժողովի նախագահը դրանք ուղարկի դատախազություն, ինչի պատճառով սուր քննադատության ենթարկվեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, Աղվան Հովսեփյանն ասաց, թե արդեն զբաղվում են այդ ամենով:

«Մենք օրեր առաջ ստացել ենք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ, հանձնարարել եմ Պետական շահերի պաշտպանության վարչությանը, որպեսզի նրանք պահանջեն այդ նյութերը, սկզբնաղբյուրները, սկզբնական փաստաթղթերը եւ կատարենք համապատասխան ուսումնասիրություններ», - պարզաբանեց գլխավոր դատախազը:

Հարցին, թե այնուամենայնիվ, ինչի՞ն էր սպասում դատախազությունը, ինչո՞ւ ՎՊ հաշվետվության հրապարակումից անմիջապես հետո չսկսեցին ուսումնասիրությունները, Աղվան Հովսեփյանն արձագանքեց․ - «Նախկինում մենք 7 նյութ մեր նախաձեռնությամբ ենք պահանջել, իսկ Վերահսկիչ պալատը իր հաշվետվությունը ներկայացրել է Ազգային ժողովից եւ այնտեղից մենք արդեն ստացել ենք»:

Եթե ամեն ինչ նորմալ է, հարցրեցինք, թե այդ դեպքում ինչի՞ն էր ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությունը, ինչին գլխավոր դատախազը պատասխանեց․ - «Նախագահի քննադատությունը ուղղված էր նրան, որ մենք Վերահսկիչ պալատի նյութերից չենք առանձնացրել այն դեպքերը եւ չենք զբաղվել որպես քրեաիրավական հատկանիշներ կրող նյութեր: Իսկ դա արվեց Ազգային ժողովից մեզ ուղարկելուց հետո: Մենք դրանով կզբաղվենք, եւ իմ կողմից հանձնարարված է նաեւ վարչության պետին՝ Պետական շահերի պաշտպանության, որպեսզի նա պարբերաբար լրատվամիջոցների օժանդակությամբ իրազեկի հանրությանը»:

Նշենք, որ այսօր Հայաստանի դատախազությունը նշում է իր կազմավորման 95-ամյակը: Հաշվի առնելով, որ Աղվան Հովսեփյանը հյուրեր ուներ մոտ մեկ տասնյակ երկրներից եւ խիստ զբաղված էր, նա համաձայնեց պատասխանել ընդամենը մեկ հարցի:

Այսօր ավելի վաղ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին լրացուցիչ նյութեր տրամադրելու համար, մասնավորապես, դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք պալատի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել: Տռուզյանի փոխանցմամբ` առաջիկա օրերին ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրեն:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը նախագահի նստավայրում տեղի ունեցած քննարկման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ ընդգծելով, որ գլխավոր դատախազը օրենքի պահանջները չի կատարում, մասնավորապես, որ դատախազությունը պարտավոր էր ուսումնասիրել Վերահսկիչ պալատի հաշվետվությունը եւ ոչ թե սպասել, թե ով կուղարկի այդ նյութերը դատախազություն:

Շաբաթներ առաջ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո դատախազությունը այդպես էլ ՎՊ-ի հնչեցրած գնահատականների շուրջ որեւէ ուսումնասիրություն չէր սկսել, ամեն դեպքում` հրապարակային որեւէ հայտարարություն չէր արել:

Միայն այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անցած ուրբաթ ամբողջ հաշվետվությունն ուղարկեց դատախազություն, պետական շահերի պաշտպանության վարչությունը սկսեց ուսումնասիրել այդ նյութերը:
XS
SM
MD
LG