Մատչելիության հղումներ

Հայաստանում այս տարի 30 տոկոսով աճել է թմրամոլների թիվը


2013 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուսորների ապօրինի շրջանառության բացահայտման 331 դեպք` նախորդ տարվա 6 ամիսների 575 դեպքի դիմաց:

Հունիսի 26-ը թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:

Ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանն «Ազատություն» ռադիկայանի հետ զրույցում նշում է, որ վերջին տարիներին ավելի շատ բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի իրացման, քան պահելու, փոխադրելու եւ օգտագործելու դեպքերը:

«2011-2012 թվականներին հաջողվեց ձերբակալել մի քանի խոշոր հանցավոր խմբավորումներ, արդյունքում առգրավվել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, որոնք հիմնականում ներկրվում են Իրանից, իրենց իսկ քաղաքացիների կողմից իրացման նպատակով, արդյունքում նման կայուն ուղիներ, որոնք գործել եւ մեր կողմից հայտնաբերվել են, փակվում են», - նշեց Մինասյանը` հավելելով. - «Արդյունքում Հայաստանում նվազել է ծանր թմրամիջոցներ օգտագործողների թիվը:Եթե նախկին տարիներին գործածողների 50 տոկոսը օգտագործում էր ներարկային եղանակով թմրամիջոցները, այսինքն` ափիոն, հերոին, իսկ 50 տոկոսը կանեփ տեսակի թմրաբույսից պատրաստվող մարիխուանա թմրամիջոցը, ապա այս երեք ամիսների ընթացքում երեւում է, որ կանապիս խմբին պատկանող թմրամիջոցներ գործածողների թիվը մոտ 73.5 տոկոս է: Այսինքն ավելի շատ օգտագործում են կանեփ խմբի, որովհետեւ նվազել է ծանր տիպի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, իսկ ցածր խավն օգտագործում է բենզինից պատրաստվող, էժանագին թմրամիջոցը»:

Թմրամիջոցներ Հայաստան են ներկրվում հիմնականում ավտոտրանսպորտային միջոցներով եւ հիմնականում Իրանից: Մինասյանը ասում է, որ նախկինում ապօրինի ներկրողների ցանկում էր նաեւ Թուրքիան, սակայն վերջին տարիներին Թուրքիայից նման դեպքեր չեն գրանցվել, փոխարենը ներկրողների ցուցակը համալրել է Ֆրանսիան, հատկապես Լիոն քաղաքը:

«Այս տարի ենք մենք հայտնաբերել «Սուբոտեքս» տեսակի դեղամիջոցը, որը անձը ինտերնետի միջոցով ձեռք է բերել Լիոնից եւ փորձել է վերավաճառել: Մեզ հաջողվեց նրան ձերբակալել եւ ենթարկել քրեական պատասխանատվության, որոշվեց, որ «Սուբոտեքս» տեսակի դեղամիջոցը մեզ մոտ էլ պետք է արգելվի, սահմանված կարգով չափաբաժինները որոշվի եւ ներկրողները, տարածողները, օգտագործողները պատասխանատվության ենթարկվեն: Դա Չինաստանի արտադրանք է, իրենց մոտ օրինականացված է: Մեզ մոտ նմանատիպ նյութերի անվանումները մոտ 115 է: Մենք կազմել ենք ցանկ, պետք է ներկայացնենք կառավարություն եւ Ազգային ժողով, որ հաստատեն, որ տվյալ նյութերը մեզ մոտ արգելվեն», - ասաց ոստիկանության պաշտոնյան:

Իսկ ինչ վերաբերում է թմրամոլների թվին, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը նշում է, որ այս տարի Հայաստանում 30 տոկոսով աճել է թմրամոլների թիվը: Նախկին մոտ 3850 փոխարեն այս տարի գրանցվել է 4332 թմրամոլ: 65-75 տոկոսը 29-49 տարեկաններն են, եւ մեկ անչափահաս երեխա:

Սեմերջյանը թվի աճը համարում է անբավարար տեղեկացվածության արդյունք: Նշում է, որ սեցիալական վիճակն այստեղ որեւէ դերակատարություն չունի: «Բոլոր խմբերն էլ ենթակա են թմրամիջոցների չարաշահման, ոչ ունեւոր խմբերը օգտագործում են էժան թմրամիջոցներ, ունեւոր խմբերը` թանկ: Կախվածությունից վերջնականապես ազատվում են բոլորը բուժման ընթացքում, բայց միշտ գալիս է հարց, իսկ հետո վերադառնո՞ւմ են, թե՞` չէ, իսկ մարդը վերադառնում է նույնպես, ինչպես լինելով լրիվ առողջ սկսում է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին թե որքա՞ն գումար է հատկացնում առողջապահության նախարարությունը թմրամոլի բուժման համար, Սեմերջյանը պատասխանեց. - «Նախարարությունն ամեն հիվանդին մեկ օրվա բուժման համար վճարում է 6000 դրամ: Այսօրվա դրությամբ բուժվում է 54 հոգի, որոնցից 48-ը ալկոհոլամոլ են, 6-ը` թմրամոլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG