Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան


ՆԱՏՕ-ի դրոշը
ՆԱՏՕ-ի դրոշը
Հունիսի 24-25-ը աշխատանքային այցով Բրյուսելում էին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը «+Հայաստան» ձեւաչափով: Նիստին քննարկվել է Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013 թվականների գնահատման զեկույցը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, Անհատական գործընկերության գործողությունների հաջորդ ծրագրի (2014-2015 թվականներ) նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացումները:

Դավիթ Տոնոյանը խոսել է Հայաստանի Զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, պաշտպանության նախարարության կողմից ՆԱՏՕ-ի օժանդակությամբ իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով Հայաստանում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ նոր ծրագրեր նախաձեռնելու կարեւորությունը:

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններին հայ խաղաղապահների մասնակցության հարցերին:

Այնուհետեւ ելույթներով են հանդես եկել Դաշինքի պատվիրակությունների ներկայացուցիչները, ովքեր բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում եւ իրենց աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

Աշխատանքային այցի շրջանակներում Հովակիմյանը եւ Տոնոյանը այսօր հանդիպել են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան -Ն ԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG