Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել


Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ Լեհաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի կառավարության եւ Լեհաստանի կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Լեհաստանի մաքսային ծառայության միջեւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարի եւ գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Լեհաստանի գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության եւ Լեհաստանի բնապահպանության նախարարության միջեւ բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG