Մատչելիության հղումներ

ԿԳ նախարարի շրջաբերականը «միայն այս կիսամյակին չի վերաբերում»


Երեւանի պետական համալսարանը 50 տոկոսով կզեղչի Սոցիոլոգիայի եւ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների երկու ուսանողների ուսման վարձը: Ուսանողները բնակվում են Արմավիրի մարզի Քարակերտ եւ Ամասիա համայնքներում. այս համայնքները լրջորեն տուժել էին կարկտահարությունից:

Հիշեցնենք, նախօրեին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական էր ուղարկել պետական բուհերի ռեկտորներին` առաջարկելով կարկտահարությանից առավել տուժած Արմավիրի 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր:

ԵՊՀ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Արմավիրի մարզից, շրջաբերականում նշված համայնքներից, այլ ուսանողներ չունեն, սակայն հաշվի առնելով, որ կարկուտից տուժել է ողջ Արմավիրի մարզը, բուհի ռեկտորատը մինչեւ շրջաբերականը, արդեն զեղչերի համակարգ կիրառել է մարզերի առավել կարիքավոր ընտանիքների ուսանողների համար: Շրջաբերականից հետո էլ որոշել են ցանկում ընդգրկել մարզի բոլոր համայնքներից բուհում սովորող բոլոր ուսանողների անունները: Նշենք, սակայն, որը խոսքը ընդամենը վեց ուսանողի մասին է:

Ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ կզեղչեն այդ 6 ուսանողի վարձավճարը 50 տոկոսով, իսկ եթե նրանք արդեն վճարումներ կատարել են, ապա կզեղչեն մյուս կիսամյակի վարձավճարը:

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Արմավիրի մարզից ունեն 122 ուսանող, սակայն ուսանողների բնակության վայրը համեմատել են նախարարի շրջաբերականում ընդգրկված համայնքների ցանկի հետ ու պարզել, որ 122 ուսանողից միայն 27 է նշված համայնքների բնակիչ:

«Ուսանողների հիմնական մասը նաեւ Արմավիր քաղաքից են եւ այն համայնքներից, որտեղ կարկուտից վնասված դաշտեր չկան: Վնասված համայնքներից ունենք 27 ուսանող, որոնց վարձավճարի զեղչի հարցը վաղը ռեկտորատում կքննարկվի եւ կարվի վարձավճարի զեղչ», - ասաց Թարվերդյանը:

Թե քանի ուսանող է սովորում Ճարտարապետաշինարարական համալսարանում Արմավիրի մարզի նշված 22 համայնքներից, բուհում ասել չկարողացան: Մամուլի բաժնից տեղեկացրեցին, որ շրջաբերականը ստացել են երեկ` բավականին ուշ, երբ աշխատանքային ժամը գրեթե ավարտված էր, իսկ ուսանողների թիվը ճշտելու եւ զեղչերի մասին որոշում կայացնելու համար իրենցից կպահանջվի մոտավորապես մեկ, մեկուկես շաբաթ ժամանակ:

Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այստեղ խոսք կարող է գնալ միայն հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների մասին:

«Զեղչերի համակարգը ընդհանրապես գործում է համաձայն կառավարության որոշման եւ այնտեղ ինչ-որ կարգեր կան, որոնց շրջանակներում կատարվում են այդ զեղչերը: Բայց այստեղ ամբողջ խնդիրը նա է, որ առկա ուսուցման ուսանողների զեղչերն արդեն ավարտվել են, քանի որ նրանք արդեն հունիս ամսվանից ստուգարքները վերջացրել են, քննություններ են հանձնում եւ համաձայն բուհի եւ նրանց միջեւ կնքած պայմանագրերի, նրանք ուսման վարձերն արդեն վաղուց վճարել են եւ վաղուց կատարվել են բոլոր տեսակի զեղչերը», - ասաց ռեկտորը:

Եթե նշենք, որ կանոնակարգի համաձայն ուսանողները պետք է ուսման վարձը վճարեն կիսամյակի սկզբին` առաջին երկու շաբաթվա ընթացքում, այլապես դասերին, քննություններին չեն մասնակցի, ու եթե հաշվի առնենք, որ արդեն ուսումնական տարին ավարտված է, ապա ստացվում է, որ, ուսանողները արդեն վաղուց վճարել են իրենց վարձերը:

Արդյոք որոշումը ժամանակավրեպ չէր, եթե արդեն ուսումնական տարին ավարտված է, ուսանողներն էլ արդեն վճարումները կատարել են: Հարցի պարզաբանմամբ դիմեցինք կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանին:

«Մի քանի ամսից սկսվելու է ուսումնական տարին, սա ոչ միայն այս կիսամյակի համար կտարածվի: Սեպտեմբերից կսկսվի գործընթացը, տարվա ուսման վարձը կհաշվարկվի, 50, 60 տոկոս է կարվի, հնարավոր է առաջին կիսամյակը վճարեն, երկրորդ կիսամյակը չվճարեն, դա արդեն յուրաքանչյուր բուհ իր սահմանած կարգով կիրականացնի», - փոխանցեց Սուքիասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG