Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս քնած մնաց Սուրիկ Խաչատրյանը. մեկնաբանում են պատգամավորները


Ինչպե՞ս քնած մնաց Սուրիկ Խաչատրյանը. մեկնաբանում են պատգամավորները
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00
Ինչպե՞ս քնած մնաց եւ իր տան մոտ տեղի ունեցած վեճ ու կռվին, կրակոցներին ու սպանությանը մասնակից չդարձավ Զինված ուժերի գնդապետ, ղարաբաղյան պատերազմում կռված, «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան», «Մայրական երախտագիտություն», «Մարտական ծառայություն» մեդալներով պարգեւատրված եւ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի եւ երկրապահների բարձրագույն պարգեւի` Սպարապետ Վազգեն Սարգսյանի շքանշանակիր Սուրիկ Խաչատրյանը: Այս հարցին Խաչատրյանի կինը պարզ պատասխան ունի` ամուսինը կրակոցներից չի արթնացել, ինքն էլ չի ցանկացել խանգարել նրա քունը: Ամուսնուն արթնացրել է, երբ ամեն ինչ վերջացել եւ արդեն զգացել է, որ նա պետք է իմանա տեղի ունեցածի մասին: Սուրիկ Խաչատրյանի կուսակիցներն ու նախկին գործընկեր պատգամավորները այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեցին գորիսյան դեպքերի այդ դրվագը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը համբերատար լինելու, Գորիսում տեղի ունեցած սպանության նախաքննության ավարտին սպասելու կողմնակիցն է:

«Ցավալի դեպք է կատարվել, իրոք պետք է շատ զուսպ, չափի մեջ… որովհետեւ կորուստ է եղել, հաճելի դեպք չէր ոչ մի կողմի համար: Դրա համար բոլորդ պետք է համբերատար սպասեք, կան վկաներ, կան ներկաներ, կան տուժողներ, կան մահացածներ, ընտանիքներ, որ համապատասխան իրավապահ մարմինները ինքնըստինքյան քննությունը կատարեն, եւ մեղավորները պարտադիր պետք է պատժեն, որ նման դեպք չկատարվի», - ասաց Ծառուկյանը:

Սյունիքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանը համարյա նույնությամբ կրկնեց News.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին մարզպետի տիկնոջ ասած մտքերը. Սուրիկ Խաչատրյանի տան պատերը հերմետիկ են, տան կողքով անցնող գետի ձայնն էլ շատ բարձր, ինչն էլ թույլ չի տալիս փողոցում ծավալվող իրադարձությունները լսել: Իսկ ինչո՞ւ տիկին Լորետան չարթնացրեց ամուսնուն. - «Իմ կարծիքով, ուղղակի ներկա մարդիկ չէին պատկերացնում, որ հարցը լուրջ ուղղություն կստանա, որքան ինձ հայտնի է, այդ ժամանակ տիկին Լորետան, երբ մոտենում է, հարցին քաղաքակիրթ լուծում տալու նպատակով հրավիրում է Ավետիքին իրենց տուն, վաղը գան նախաճաշեն, միասին գնան մոմ վառեն ու այդպիսով այդ ամեն ինչը վերջանա», - ասաց Գրիգորյանը:

«Բելաջիո» ռեստորանի սեփանակատիրոջ հարցրեցինք` եթե իր տան մոտ կրակեին, քնած լիներ, կարթնանա՞ր ձայնից, ասաց` այո, բայց միայն իր համեստ ապրելակերպն է դրա պատճառը:

«Կարծում եմ, կարթնանամ, բայց ես չգիտեմ էդ մարդու տան մեծությունը: Իմ բնակարանը փոքր բնակարան է, բայց էդ մարդը շրջանում է ապրում, կարող է մի քանի հարկանի տունի, ես չգիտեմ` որ հարկում է քնած եղել», - ասաց Գրիգորի Մարգարյանը:

Հանրապետական Համլետ Հարությունյանը ցավում է Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կատարված ողբերգության համար: Նա կարծում է` տեղի ունեցած սպանությունը Հանրապետականի հեղինակությունն, այնուամենայնիվ, վնասեց:

«Ցանկալի չէ, որ մեր կուսակցության անդամի հետ որեւիցե այդպիսի աղմկահարույց դեպք կապված լիներ», - ասաց նա:

Դիտարկմանը` գուցե նման բան տեղի չունենար, եթե Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները իրենց վերագրվող մեղքերի համար, ինչպես շատերն են կարծում, անպատիժ չմնային, Համլետ Հարությունյանը հակադարձեց, թե Խաչատրյանի որեւէ անօրինական արարքից տեղյակ չէ. նա նույնիսկ զարմացավ, որ անմեղ մարդուն հասարակությունը մեղքեր է վերագրում:

«Ի՞նչ է արել էդ մարդը, որ անպատժելի է, եթե որեւիցե բան արած լիներ եւ անպատիժ մնար, ես չգիտեմ», - ասաց Հարությունյանը` պնդելով, թե չի տեսել այն կադրերը, որոնցում նախկին մարզպետը կնոջ է հարվածում, նույնիսկ չի լսել այդ մասին:

Սուրիկ Խաչատրյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերագրվող անօրինականություններից տեղյակ չէր նաեւ «Բելաջիո» ռեստորանի սեփականատերը:

«Ես կոնկրետ ճանաչում եմ մարզպետին, բավականին լավ, նորմալ հարաբերություններ ունեմ իր հետ, բավականին պարկեշտ տպավորություն է այդ մարդը միշտ իմ վրա թողել: Կոնկրետ այս տվյալ դեպքում, թե ինչ է եղել, ոնց է եղել, ես մեկնաբանություններ երեւի չանեմ», - ասաց Գրիգորի Մարգարյանը:
XS
SM
MD
LG