Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերը հանձնեց Հռոմի պապին


Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Սուրբ Աթոռում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանը ուրբաթ օրը իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ դեսպանը եւ Պապը զրույցի ընթացքում անդրադարձել են Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային եւ հոգեւոր ժառանգությանը: Այս կապակցությամբ Մինասյանը նշել է, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում Հայաստանի նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգեւոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաեւ համաշխարհային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:

Դեսպանը Հռոմի պապին է փոխանցել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել վերջերս Պապ Ֆրանցիսկոսի եւ Հայ կաթողիկե եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար:

Միքայել Մինասյանը Հռոմի պապին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը: Քահանայապետը խոստացել է դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:

Հռոմի պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ Աթոռի արարողակարգի համաձայն, դեսպանը առանձնազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ:

Կարդինալը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը կարեւորելու համար, ողջունել է Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու եւ ռեզիդենտ դեսպան նշանակելու որոշումը: Պետքարտուղարը հայտնել է նաեւ, որ Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG