Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ավարտեց այցը Վաշինգտոն եւ մեկնեց Վիեննա


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր այցելել է ԱՄՆ-ի Կոնգրես, ուր հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամների հետ՝ համանախագահներ Ֆրենք Փալոունի ու Մայք Գրիմի գլխավորությամբ:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին իրենց գործունեության համար, կարեւորել է Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի դերը հայ - ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:

Կոնգրեսականները ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները եւ առաջիկա ծրագրերը եւ նշել, որ շարունակելու են իրենց գործունեությունը ի նպաստ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ բարեկամության զարգացման:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, անդրադարձել տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Դանիել Յոհանեսի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է կորպորացիայի կողմից Հայաստանում ծրագրերի վերսկսման հնարավորությունը:

Էդվարդ Նալբանդյանի վաշինգտոնյան այցի օրակարգում էր նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթը Միացյալ Նահանգների մայրաքաղաքի առաջատար քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնում: Նախարարի ելույթին ներկա էին Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ-ի դեսպաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագետներ:

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ Հայ դատի հանձնախմբի եւ Ամերիկայի Հայկական համագումարի ներկայացուցիչների հետ։

Ավարտելով այցելությունը` Նալբանդյանը ուղեւորվել է Վիեննա, ուր վաղը նախատեսված է նրա ելույթը ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում՝ որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG