Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա` ի պաշտպանություն հոգեբուժարանում իր կամքին հակառակ հայտնված կնոջ


Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Ավանի հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկվող Ամալյա Նազարեթյանը մասնագիտական բուժման կարիք ունի:

«Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներով Երեւանի բնակչուհի Ամալյա Նազարեթյանի առողջական վիճակի հետ կապված հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով` գլխավոր մասնագետ Սամվել Թորոսյանի ղեկավարությամբ։ Հանձնաժողովն, ուսումնասիրելով Նազարեթյանի առողջական վիճակը, եզրակացրել է, որ նա ներկայումս հիվանդ է եւ կարիք ունի հիվանդանոցային բուժման», - հայտարարում է նախարարությունը:

Ըստ հանձնաժողովի եզրակացության` քանի որ Նազարեթյանի հիվանդությունն ունի քրոնիկի վերածվելու, ձգձգվող բնույթ, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո արտահիվանդանոցային պայմաններում տեւական ժամանակ հիվանդի բուժումը կշարունակվի հոգեբույժի հսկողության ներքո։

Այս հայտարարություններին թերահավատությամբ են վերաբերվում մի խումբ ակտիվիստներ, որոնք այսօր «Մենք խենթ ենք», «Թույլ չենք տա առողջ մարդուն հասցնել խելագարության», «Սովետը չկա, սթափվեք» պաստառներով հավաքվել էին կառավարության շենքի դիմաց եւ բողոքի ակցիայի միջոցով իրենց աջակցությունն էին հայտնում արդեն մոտ մեկ ամիս հոգեբուժարանում պահվող կնոջը:

Կինը պնդում է, որ հոգեբուժարանում է հայտնվել իր ներքեւի հարեւան «Իդեալ» խանութի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Իսկ Նազարեթյանին հոգեուժարան տեղափոխելու դիմում ներկայացրել են կնոջը տան մոտ գտնվող «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցները, ըստ որոնց` կինը սրճարանում մի երկու սեղան է շրջել: Ի դեպ, Իդեալ»-ի` վարձակալությամբ զբաղեցրած տարածքը պատկանում է «Կոմիտաս» սրճարանի տիրոջ եղբորը` ԱԺ հանրապետական պատգամավոր Արմեն Մխիթարյանին:

Ամալյա Նազարեթյանի հարեւաններն ու հարազատները միաբերան պնդում են, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի: Մինչդեռ Ավանի հոգեբուժարանի տնօրենը, թեեւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին չէր թույլատրել տեսակցել Նազարեթյանին, սակայն հայտարարել էր, թե կինը հարկադիր բուժման կարիք ունի:

Ակտիվիստները կառավարության անդամների ուշադրությունն են հրավիրում այս խնդրին` պահանջելով շուտափույթ լուծում տալ այս երեւույթին:

«Մեր այսպես կոչված կառավարության համար դարձել են օրինաչափություն այս կամ այն ձեւով մարդուն մեկուսացնելը, մասնավորապես այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում այն անարդարությունների դեմ, որը կա իրենց շուրջը: Հիմա ես դիմում եմ այս կառույցում աշխատող մարդկանց` ի դեմս իրենց վարչապետի, եթե դուք փորձում եք շարունակել նման ձեւով, դուք պետք է ամբողջ Հայաստանի Հանրապետությանը փակեք հոգեբուժարաններում եւ ոստիկանատներում: Մենք հայտարարում ենք` մենք բոլորս խենթ ենք: Մենք պահանջում ենք պարզաբանում», - ասում էր ակտիվիստներից մեկը:

Թեեւ կառավարության շենքից ոստիկաններից բացի ոչ ոք դուրս չեկավ ակտիվիստներին ընդառաջ, քանի որ կառավարությունում այսօր նիստ չկար, այնուամենայնիվ, ակտիվիստները խոստացան հավաքվել կառավարության շենքի մոտ եւ վաղը, եւ հաջորդող օրերին:

Կառավարության շենքի մոտ էր նաեւ ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով պնդում էր, որ իր նկատմամբ ժամանակին ոստիկանությունը նույնպես բռնի ուժ է կիրառել եւ փորձել է մեկուսացնել հոգեբուժարանում, հիմա նույն բանը փորձում են անել միայնակ եւ անպաշտպան կնոջ հետ:

Բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Սյուզան Սիմոնյանը, ով ասում էր, թե զրուցել է տարբեր հոգեբույժների եւ իրավաբանների հետ: Վերջիններս հայտնել են նրան, որ այն եղանակը, որով Նազարեթյանին հարկադիր բուժման են ենթարկում, անօրինական է:

«Ըստ հոգեբույժի կարծիքի` Հայաստանում շատ կան ծերունական սկլերոզ ունեցող ծերեր, որոնք ապրում են իրենց տներում եւ նրանց իրավունք չունեն բերման ենթարկելու», - ասաց Սիմոնյանը:
XS
SM
MD
LG