Մատչելիության հղումներ

Բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխված կնոջ հարեւանները պնդում են, թե նա առողջ է


Ավանի հոգեբուժարանի մուտքը
Ավանի հոգեբուժարանի մուտքը
Ոստիկանության աշխատակիցներն այսօր այցել էին Ավանի հոգեբուժական կլինիկան, որտեղ մայիսի 13-ից ոչ իր կամքով պահվում է Կոմիտաս 56 շենքի բնակիչ Ամալյա Նազարեթյանը:

Այս կնոջը բռնի ուժով հոգեբուժարան տեղափոխելու մասին ահազանգել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը` տեղեկացնելով, որը կինը խնդիրներ է ունեցել իր պատշգամբի տակ գտնվող «Իդեալ» խանութի հետ, եւ Նազարեթյանը խնդրով պարբերաբար դիմել է ոստիկանություն:

Համաձայն թերթի հրապարակման` մի անգամ էլ թաղային ոստիկանն է եկել կնոջ մոտ եւ հորդորել ստորագրել մի թղթի տակ, համաձայն որի Ամալյա Նազարեթյանը կընդուներ իր հոգեկան հիվանդ լինելու հանգամանքը: Տիկինը հրաժարվել է ստորագրել, ինչին հաջորդել է արդեն հայտնի պատմությունը. մի մեքենա էր եկել բակ ու կնոջը մեկ հոգեբույժի եւ չորս ոստիկանի միջամիտությամբ բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան:

Ոստիկանության աշխատակիցների` հոգեբուժարանում լինելու ընթացքում ներկա էինք նաեւ մենք, սակայն մեզ այդպես էլ թույլ չտվեցին տեսագրել, ձայնագրել կամ գոնե ինչ-որ տեղեկատվություն ճշտել այս դեպքի հետ կապված, քանի որ այդ պահին կլինիկայում ղեկավարությունից մարդ չկար:

Ավելի ուշ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը տեղեկացրեց, որ վաղը կուսումնասիրի հիվանդին եւ հնարավորություն կտա մեզ նույնպես տեսակցել նրան, սակայն այս պահի դրությամբ մի բանում վստահ է` հնարավոր չէ առողջ մարդուն պահել հոգեբուժարանում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից ավելի ուշ պարզեցինք, որ բժիշկը թույլ չի տվել ոստիկաններին տեսնել Նազարեթյանին` նրա ագրեսիվ վիճակի պատճառով:

Ավելի վաղ` մայիսի 27-ին տիկին Նազարեթյանին հոգեբուժարան այցելելու էր գնացել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը:

«Իրենք տեսել են կնոջը, բայց քնած է եղել… », - փոխանցեց օմբուդսմենին գրասենյակի աշխատակից Անդրեյ Աղամալյանը:

Եթե կա դատարանի որոշում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այլեւս չի կարող միջամտել, ասաց Աղամալյանն` ավելացնելով, որ իրենց գնահատականներով ամեն ինչ օրինական է եղել: Կինը հոգեբուժարան է տեղափոխվել մայիսի 13-ին, մայիսի 15-ին հանձնաժողով է կազմվել կնոջ հարկադիր բուժում ստանալու առիթով, սակայն քանի որ Ամալյա Նազարեթյանը դեմ է եղել հարկադիր բուժմանը, հոգեբուժարանի տնօրենը դիմել է դատարան եւ արդեն մայիսի 18-ին դատարանը որոշում է կայացրել հարկադիր բուժման վերաբերյալ: Այսինքն ընդամենը 5 օր է տեւել կնոջը հոգեբուժարանում հարկադիր պահելու գործընթացը այն դեպքում, երբ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ստացված տեղեկատվության համաձայն` Ամալյա Նազարեթյանին հոգեուժարան տեղափոխելու համար ստացվել է ընդամենը մեկ դիմում հարակից «Կոմիտաս» սրճարանից, որտեղ էլ, ըստ սրճարանի աշխատակիցների կինը մի երկու սեղան է շրջել:

Այցելեցինք հենց այդ սրճարանը, որտեղ սակայն զրույցն աշխատակիցներից մեկի հետս սկսվեց` «հավես չունեն մենեջերին կանչելու» արտահայտությամբ:

«Մենք ոչ մի բանից տեղյակ չենք», - պնդեցին սրճարանի աշխատակիցները:

Այցելեցինք նաեւ Ամալյա Նազարեթյանի բնակչության վայրը. գրեթե բոլոր մուտքերն ու բոլոր դռները թակելով փորձում էինք պարզել դեպի մանրամասները, սակայն տպավորություն ստեղծվեց, որ շատերն այսօր վախենում էին որեւիցե մեկնաբանություն անել:

Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակից հոգեբուժարանի հատուկ գրանցամատյանում հայտնաբերվել էր, որ Ամալյա Նազարեթյանի անունը այստեղ երկու անգամ է նշված, ինչը նշանակում է, որ նա մի անգամ արդեն եղել է հոգեբուժարանում: Այդուամենայնիվ, այս գրառմանը չեն հավատում շենքի 23 բնակիչները, որոնք նամակ են գրել ՀՀ գլխավոր հոգեբույժին, ՀՀ ոստիկանապետին եւ Երեւանի քաղաքապետին` կնոջն ազատ արձակելու նպատակով: Արդեն շենքի բակում հանդիպեցինք նրանից մի քանիսին, ովքեր համարձակություն ունեցան կիսվել մեզ հետ իրենց իմացածով:

«Իրա հետ ինչ-որ խնդիր եղել է, չգիտեմ` ինչ է եղել, բայց մի բան հաստատ է, ինքը գիժ չէ», - ասաց հարեւաններից մեկը:

Հարեւանները Նազարեթյանին բնորոշեցին որպես «ինտելեգենտ, հասկացող, նորմալ, կրթված կին», ասացին` նրանից «վատ բան չեն տեսել»:

Ի դեպ, բնակիչներից մի քանիսի պնդմամբ` «Կոմիտաս» սրճարանն ու «Իդեալը» կապ ունեն իրար հետ: Իսկ ըստ «Հայկական ժամանակ»-ի` «Իդեալ»-ի վարձակալությամբ զբաղեցրած տարածքը պատկանում է նշված սրճարանի տիրոջ եղբորը` ԱԺ պատգամավոր հանրապետական Արմեն Մխիթարյանին:

Այսօր Նազարեթյանին հոգեբուժարանում այցելել են նաեւ Հելսինկյան ասոցիացիայի աշխատակիցները: Կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Նազարեթյանն այդ պահին նորմալ վիճակում է եղել, սակայն բժիշկները նրան հավաստիացրել, են թե դա միայն դեղերի ազդեցության շնորհիվ է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG