Մատչելիության հղումներ

Արքայազն Չարլզը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ


Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով:

Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում: Ընդգծելով, որ հայ - բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, եւ հայ ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում բրիտանացի ժողովրդին ու արքայական ընտանիքին՝ նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել թագուհի Եղիսաբեթ երկրորդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ հաճելի զգացումներ եւ հիշողություններ է պահպանել 2010 թվականին Լոնդոնում թագուհու եւ արքայազնի հետ հանդիպումներից:

«Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, եւ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երեւան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է եւ Ձեր ներդրումը», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` արքայազն Չարլզին ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանին՝ այդ ծրագիրը նախաձեռնելու եւ Ուելսի արքայազնի այցը Հայաստան կազմակերպելու համար:

Արքայազն Չարլզը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին ջերմ հյուրընկալության, իսկ Արմեն Սարգսյանին՝ հրավերի համար եւ կարեւորել «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագիրը, ինչպես նաեւ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի ծրագիրը, նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» կոնսորցիումի նախագահը:

Արքայազնը շեշտել է, որ բարձր է գնահատում կրթության եւ երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերին Հայաստանում հատկացվող ուշադրությունը, եւ պատրաստակամություն է հայտնել ընդլայնել երիտասարդ ձեռներեցներին աջակցության իր ծրագիրը նաեւ Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ - բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG