Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանն է կանխում ստատուս քվոյի փոփոխությունը»


Շավարշ Քոչարյան
Շավարշ Քոչարյան
Եթե Ադրբեջանում իրոք ցանկանային ստատուս քվոյի փոփոխություն, ապա համաձայնության կգային Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ եւ կնպաստեին բանակցային գործընթացի առաջընթացին, այլ ոչ թե կտապալեին այն, ինչպես դա արվեց Կազանում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ՝ օրերս Ավստրիայում արած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։

Իլհամ Ալիեւը հայտարարել էր ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին, եւ որ ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է «ադրբեջանական օկուպացված տարածքներից» հայկական զինված ուժերի դուրսբերում:

«Արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման հայտարարությունների անընդհատ հնչեցումը Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղված են հենց ստատուս քվոյի փոփոխությունները կանխելուն», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Շավարշ Քոչարյան։

«Ադրբեջանը ունի միայն մեկ հնարավորություն բավարարելու իր անհագուրդ ձգտումը հասնելու ստատուս քվոյի փոփոխությանը եռանախագահների բանակցային ձեւաչափը շրջանցելու միջոցով: Դրա համար Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ բանակցություններ սկսի ԼՂՀ-ի հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետեւանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը։

«Ապարդյուն են Ադրբեջանի փորձերը նենգափոխելու ղարաբաղա - ադրբեջանական հակամարտության եւ բանակցային գործընթացի էությունը: Նմանատիպ նենգափոխումները, ինչպես եւ հայության դեմ թշնամանք սերմանող ռասիստական հայտարարություններն ու գործողությունները միայն մեծացնում են Ադրբեջանի ղեկավարության պատասխանատվությունը հայերի դեմ ջարդերի եւ էթնիկ զտումների, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի, եւ դրա հետեւանքների` ներառյալ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի տարածքների օկուպացման համար», - հայտարարել է Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG