Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա Կառավարության շենքի առջեւ


Կառավարության շենքի առջեւ այսօր կեսօրից հետո լարված իրավիճակ էր ստեղծվել. տասնյակ քաղաքացիներ շրջափակել էին Կառավարության գլխավոր մուտքը։

Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Տիգրան Սարգսյանն իջնի եւ անձամբ բացատրություն տա, թե ինչո՞ւ են այսօր Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները փակել Երեւան - Սեւան մայրուղին։

Ցուցարարների առաջին շարքում կանգնած են նախկին տարիներին զոհված զինծառայողների մայրերը։ Հավաքվածների թվում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիկյանը հորդորում է քաղաքացիներին ազատել տարածքը՝ սպառնալով ուժ կիրառել, որպեսզի բացեն Կառավարության շենքի ելքը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան Տավուշի մարզի զորամասերից մեկում մայիսի 15-ին սպանված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ որդու դին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բերում է Երեւան` ի նշան բողոքի։ Հայաստանյան լրատվամիջոցները լուրեր են տարածել, որ Պաշտպանության նախարարությունը փակել է ճանապարհը, թույլ չտալով զինծառայողի հարազատներին Երեւան հասնել։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր այս լուրերը, պնդելով, որ Պաշտպանության նախարարությունը նման իրավասություն չունի ու հավելել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է զոհված զինծառայողի հարազատների հետ հանդիպման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG