Մատչելիության հղումներ

Հերթական բողոքի ակցիան` Փակ շուկայի պահպանության համար


Պահանջում են դադարեցնել ապօրինի շինարարությունը փակ շուկայի տարածքում
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ակցիայի մասնակիցներից Գրիգոր Ղազարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նորից ու նորից պահանջում են դադարեցնել ապօրինի շինարարությունը:

«Ներսից հարկեր են կառուցվել եւ շուրջն արդեն ինչ-որ բարձրահարկ շենքի հիմքերի պես շինարարական հիմք է գցվել: Պետք է դադարեցվի ապօրինի շինարարությունը, շուկայի հետնամասը պետք է ապամոնտաժվի եւ պետք է այնտեղ վերակառուցվեն այն կամարները, որոնք կարտահայտեն շուկայի պատմամշակութային հուշարձանի նախնական հորինվածքը», - նշեց Ղազարյանը:

Ակցիային մասնակցում էր նաեւ Ճարտարապետների միության անդամ Պավել Ջանգիրովը: Նրա համոզմամբ` հուշարձանն այլեւս գոյություն չունի: Ջանգիրովի խոսքով` պահպանել միայն շենքի ճակատային մասը դեռ չի նշանակում պահպանել հուշարձանը:

«Եկել է այն պահը, որ արված է ամեն ինչ, նույնիսկ կոմունիկացիոն ցանցեր են մեջը տեղավորված», - ասաց ճարտարապետը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում արդյոք պայքարելն անիմաստ չի դառնո՞ւմ Ջանգիրովը պատասխանեց. - «Անիմաստ չէ, անիմաստ է պահանջել լրիվ քանդել, վերականգնել, որովհետեւ կարող է հիմնական շենքը քանդվի, որովհետեւ այնքան բան է արված, որ կարող է քանդվի, եթե սկսեն ներսի կառուցածը քանդել»:

Հարցին, թե այդ դեպքում պահանջը ո՞րն է, Ջահանգիրովը պատասխանեց. - «Դադարեցնել, հանել նախագիծ, նախագիծը քննարկել, հաստատել, նոր շարունակել: Բայց ասողին լսող է պետք, լսող չկա, բայց պետք է շարժումը, որ քաղաքը պահպանվի, Երեւանը ունենա իր սեփական դեմքը, պետք է շարունակվի»:

Ղազարյանն էլ վստահեցնում է` հետեւելու են, որպեսզի նախագիծը սուպերմարկետի չվերածվի, իսկ եթե, այնուամենայնիվ, դա տեղի ունենա, ապա հանդես կգան գուցե ծիծաղելի, բայց հստակ առաջարկով:

«Պետք է առաջարկենք, որպեսզի «Հուշարձանների պահպանության մասին» օրենքը եւ «Քաղաքաշինության մասին» օրենքը լրջորեն վերանայվեն: Այսինքն կամ դրանք չեղյալ համարվեն, որպեսզի իրականությունը համապատասխանի, կամ փոփոխություններ կատարեն, ըստ որի յուրաքանչյուր գործարար, իր շահերից ելնելով, կարող է աղճատել ցանկացած հուշարձան, որը հետագայում կհանգեցնի այնպիսի պատկերի, որ մի օր, օրինակ, Օպերայի շենքի փոխարեն դուք կտեսնեք «Երեւան սիթի» կամ նմանատիպ հանրախանութ», - ասաց Ղազարյանը:

Օրերս մշակույթի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ վերսկսված շինարարական աշխատանքները չեն համապատասխանում նախարարության կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին, որոնցով նախատեսվում էր նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ, եւ իրենք մայիսի 13-ին կրկին գրությամբ դիմել են Երեւանի քաղաքապետարան` պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հուշարձան-շենքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու եւ տարածքում հսկողություն սահմանելու համար:

Սակայն նշենք, որ այսօր մինչեւ ակցիայի սկսվելը բանվորներն, այնուամենայնիվ, աշխատում էին, իսկ լրագրողների հայտնվելուն զուգահեռ շինարարական աշխատանքները դադարեցվեցին, բանվորներն էլ աննկատ հեռացան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG