Մատչելիության հղումներ

Երեւանի նոր ավագանու անդամների անունները հայտնի են


Երեւանի նոր ավագանու անդամների անունները հայտնի են: ՀՀԿ-ն նոր ավագանիում կունենա մեծամասնություն` 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան»-ը` 17, «Բարեւ, Երեւան» դաշինքը` 6:

Լրագրողի նկատմամբ բռնությունը դատապարտող Հանրապետականը որոշեց իր խմբակցությունում ընդգրկել նաեւ ապրիլի 23-ին Նոր Նորքում ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ilur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտած, լրագրողի պնդմամբ` իր նկատմամբ բռնություն կիրառած Աշոտ Պապայանին:

Լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու փաստով քրեական գործ է հարուցված. փորձաքննությունը հաստատել է, որ լրագրող Հակոբ Կարապետյանը ապրիլի 23-ին մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն գործում մեղադրյալ մինչ այս պահը ներգրավված չէ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս տեղեկությունները փոխանցած լրագրողն ասաց, որ առերես հարցաքննության ընթացքում պնդել է, որ իր նկատմամբ բռնություն կիրառողն ու աշխատանքը խոչընդոտողը հենց Պապայանն է եղել, սակայն ոստիկանները նրան մինչեւ հիմա մեղադրանք չեն առաջադրել: Այս քայլով նրանք ցանկանում են ավագանու անդամի անվան վրա բիծ չթողնել, կարծում է լրագրողը:

Երեւանի նոր ավագանիում ՀՀԿ-ն կներկայացնեն նաեւ Սերժ Սարգսյանի փեսայի եղբայրը` Գրիգոր Մինասյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, տարբեր սկանդալային պատմություններով հայտնի Մհեր Սեդրակյանի եւ Աշոտ Աղաբաբյանի որդիները` Դավիթ Սեդրակյանն ու Արամ Աղաբաբյանը: Նրանց կողքին ավագանիում կաշխատի նաեւ հայտնի շախմատիստ, անկուսակցական Սմբատ Լպուտյանը, ում չի հետաքրքրում Երեւանը կառավարելու վերաբերյալ ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատությունը, քանի որ ինքն «իբր քաղաքացի է մուտք գործում ավագանի»:

«Եթե կարող եմ օգտակար լինել, փորձելու եմ օգտակար լինել», - փոխանցեց Լպուտյանը:

ԲՀԿ-ի ընտրացուցակը գլխավորող չորս անդամները` պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանն ու հափշտակության մեջ մեղադրվող Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Նոր ավագանու անդամ կդառնա «Օրինաց երկրի» քվոտայով մշակույթի նախկին նախարար, այժմ գործազուրկ ԲՀԿ ներկայացուցիչ Թամարա Պողոսյանը, նաեւ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` Իրինա Քոչարյանը:

Ընդդիմադիր «Բարեւ, Երեւան»-ին, որը որոշել է վերցնել իր ստացած մանդատները, ավագանիում աշխատելու համար չի կաշկանդի ընտրությունների «խայտառակ որակը»: «Բարեւ, Երեւան»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց` ավագանիում իրականացնելու են ընդդիմությանը վերապահված գործառույթները:

«Մենք, բնականաբար, պետք է որոշակիորեն ներկայացնենք ամբողջ ընդդիմադիր դաշտը, որովհետեւ այս պահին Երեւանի ավագանիում այլ ընդդիմադիր ուժ չկա, եւ մենք մեր գործընկերների «ներկայությունը» պետք է նաեւ մեր աշխատանքով ապահովենք», - ասաց Մարտիրոսյանը:

Նախորդ գումարման խորհրդարանի «Ժառանգության» երեք պատգամավորները` Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը այլեւս ավագանիում կաշխատեն: Նրանց հետ խմբակցությունում կաշխատի նաեւ «Բարեւ, Երեւան» դաշինքի մամուլի պատասխանատու Դավիթ Սանասարյանը, գործազուրկ Գագիկ Բաղդասարյանը եւ «Ժառանգության» հետ դաշինք կազմած, ՀԱԿ-ի նախկին անդամ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ներկայացնող Արթուր Գասպարյանը: Վերջինս կուսակցության հիմնադիր Մանուկ Գասպարյանի որդին է: Դաշինքի ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
XS
SM
MD
LG