Մատչելիության հղումներ

Բռնություն է գործադրվել ilur.am-ի լրագրողի նկատմամբ


ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյան
ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյան
Երեկ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի` Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած բակային հանդիպումներից մեկի ժամանակ բռնության է ենթարկվել ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը:

Լրագրողի խոսքով, Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչները խոչընդոտել են իր լրագրողական աշխատանքը. նախ պահանջել են հեռանալ դեպքի վայրից, իսկ երբ լրագրողը չի հեռացել եւ շարունակել է նկարահանել, նրան քաշքշել են, պատռել հագուստը եւ հարվածել:

Այսօր Հակոբ Կարապետյանը եկել էր Նոր Նորքի ոստիկանություն` դատաբժշկի ուղեգիր վերցնելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լրագրողը պատմեց, որ Տարոն Մարգարյանի այցից շուտ էր եկել եւ նկարահանում էր, թե ինչպես են 11-րդ համարի երթուղային միկրոավտոբուսից փուչիկներ հանում, երբ մի խումբ երիտասարդներ մոտեցել են եւ պահանջել չնկարահանել:

«Տեղեկացրի, որ լրագրող եմ: Ասացին` լավ բաները նկարիր: Ասացի` այստեղ էլ վատ բան չեմ տեսնում եւ ընդհանրապես կնկարեմ այն, ինչ որ գտնում եմ, որ ինձ պետք է իմ ռեպորտաժի համար: Այդ ժամանակ երիտասարդը, որը կազմակերպչական աշխատանքներն էր կատարում, վազելով մոտեցավ, գոռաց` ինչո՞ւ եք հարամում տոններս, թե հացներս, այ ռեւոլյուցիոներներ, ու հարվածեց: Քաշքշուկ սկսվեց, ու փորձում էին տեսախցիկս խլել: Այդ ընթացքում տեսախցիկը տեսագրում էր: Հաջողվեց նրանց խլել»:

Երբ տեսախցիկը վերադարձրել են լրագրողին, նկարահանած նյութը ջնջված է եղել: Այնուամենայնիվ հաջողվել է լուսանկարել Հակոբ Կարապետյանին հարվածողին. ինչպես ավելի ուշ պարզվել է, դա Տարոն Մարգարյանի հանդիպման կազմակերպիչն է՝ ՀՀԿ-ից Երեւանի գործող ավագանու անդամ եւ ավագանու անդամի թեկնածու Աշոտ Պապայանը:

Ի դեպ, լրագրողը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ներկա ոստիկաններից ոչ ոք չի միջամտել. - «Ոստիկան կար տարածքում կանգնած: Մի բարձրահասակ մայոր էր: Երբ ակնոցս ընկավ, ես մոտեցա նրան, ասաց` նորմալ ա, ապեր, նորմալ ա, ոստիկաններին կանչել եմ: Ես դրանից հետո էլի մի 40 րոպեի չափ այդտեղ մնացի, ոչ մի ոստիկան ինձ չմոտեցավ»:

Լրատվամիջոցներից մեկը տեղեկատվության էր տարածել, թե Տարոն Մարգարյանի լրատվական ծառայության պետ Արթուր Գեւորգյանը դեպքի վայրում ասել է, թե սա սադրանք է, իշխանությունների հեղինակությանը հարվածելու փորձ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արթուր Գեւորգյանն ասաց, որ դեպքի ժամանակ այդ վայրում չի եղել, իսկ երբ հետո տեղեկացել է, մոտեցել է լրագրողին. - «Մոտեցել եմ, փորձել եմ հասկանալ, թե ինչով կարող եմ օգտակար լինել: Դա շատ մարդկային ռեակցիա է, որ դու մոտենաս: Եթե նույնիսկ լրագրողի խնդիր էլ չլիներ, սովորական քաղաքացու խնդիր լիներ, հաստատապես մոտենալու էի»:

Արձագանքելով սադրանքի մեղադրանքին` Հակոբ Կարապետյանն ասաց. - «Միգուցե իմ ընդգծված գրական հայերենը նրանց սադրիչ թվաց»:

Միջադեպը երեկ տարածած հայտարարությամբ դատապարտել է ՀԱԿ-ը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Աջափնյակ վարչական շրջանում բռնության էին ենթարկվել կուսակցության ակտիվիստները: Այդ փաստի առնչությամբ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը, Մաշտոցի ոստիկանության քննչական բաժնում այդ փաստով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն այսօր նաեւ հաղորդագրություն է տարածել Հակոբ Կարապետյանի միջադեպի կապակցությամբ` նշելով, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել եւ որ միջադեպի մանրամասները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հորդորեց որեւէ շտապողականություն չդրսեւորել գնահատականներ տալիս. - «Եթե որեւէ մեկը օրենքը խախտել է, եւ կպարզվի, որ խախտել է, անկախ նրանից, նա լրագրող է, հանրապետական է, ՀԱԿ է, «Բարգավաճ» է թե դաշնակցական, օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի: Եվ ես պարզապես կխնդրեի, որպեսզի մարդիկ ընտրությունների այս փուլում կանխավարկածներով չառաջնորդվեն»:

«Մենք ամեն ինչ արել եւ անում ենք, որպեսզի Հայաստանում խոսքի ազատությունը եւ լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությունը երբեք չխոչընդոտվի եւ չվտանգվի: Մյուս կողմից էլ մենք հետեւողական ենք լինելու, որ ցանկացած սադրիչ գործողություն եւս խստագույնս պատժվի օրենքի շրջանակներում», - եզրափակեց Շարմազանովը:
XS
SM
MD
LG