Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը մեկնում է Միացյալ Նահանգներ


ԱՄՆ - Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Նյու Յորքում, 20-ը սեպտեմբերի, 2011թ.
ԱՄՆ - Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Նյու Յորքում, 20-ը սեպտեմբերի, 2011թ.

Այցի օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում Սիրիայի խնդիրը:

Այսօր մեկնարկում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի քառօրյա պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը կայանալու է երկու օրից՝ մայիսի 16-ին:

Թուրքական մամուլը գրում է, որ այցի օրակարգը խիստ հագեցած է, նկատի ունենալով Սիրիայի իրավիճակը եւ անցած շաբաթավերջին Սիրիային սահմանամերձ թուրքական քաղաքում կատարված պայթյունը, որի արդյունքում 46 մարդ զոհվեց: Անկարան այդ հարձակման համար մեղադրում է Բաշար ալ- Ասադի ռեժիմին:

Օբամայի հետ հանդիպմանը Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահին կհորդորի ավելի մեծ աջակցություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին` արագացնելու համար քաղաքական վերափոխումները Սիրիայում:

Թուրք մեկնաբանները պակաս կարեւոր չեն համարում Պենտագոնում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելի ու ամերիկացի բարձրաստիճան զինվորականների հետ կայանալիք հանդիպումը, որի ընթացքում մանրամասնորեն քննարկվելու է Սիրիայի խնդիրը:

Անկարան ակնկալում է, որ Միացյալ Նահանգները զենք, զինամթերք մատակարարի Սիրիայի ապստամբներին, վարժեցնի Սիրիական ազատ բանակի մարտիկներին, անվտանգության միջանցքներ ձեւավորվեն եւ ինչպես Լիբիայի դեպքում էր՝ ոչ թռիչքային գոտի սահմանվի Սիրիայի վրա: Սպասվում է, որ այս հարցերը հանգամանալից կուսումնասիրվեն Պենտագոնում կայանալիք հանդիպմանը:

Սակայն Վաշինգտոնից ազդանշաններ չկան, թե Անկարայի բոլոր ակնկալիքները կարդարացվեն: Բացի այդ, Սիրիայում նման գործողություններ իրականացնելու դեմ կտրուկ հանդես է գալիս Ռուսաստանը:

Ակնկալվում է, որ Օբամա - Էրդողան հանդիպմանը կքննարկվի նաեւ մոտ ապագայում Սիրիայի հարցով միջազգային համաժողով անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: Օրերս Մոսկվայում սրա շուրջ բանակցություններ էին ընթացել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի հետ:

ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետի հետ քննարկվելու են նաեւ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու, Իրաքի հետ համագործակցության, մասնավորապես` էներգետիկ հավակնոտ ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել Իրաքի հյուսիսում, քրդաբնակ շրջաններում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում խաղաղության հասնելու հարցերը:

Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի, էկոնոմիկայի, եվրոպական հարցերով նախարարները եւ շուրջ 90 գործարարներ:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն առանձին հանդիպում է ունենալու պետքարտուղար Ջոն Քերրի հետ:

Օբաման 2009 թվականին տարածաշրջանային իր այցելության ընթացքում եղել է Թուրքիայում, որտեղ հանդիպել է Էրդողանի հետ: Այս տարի ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրին երեք անգամ այցելել է Թուրքիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG