Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հաղթանակի եւ խաղաղության տոնը


Զորահանդես Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ
Զորահանդես Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ

«Անհրաժեշտության դեպքում, ինքնապաշտպանության մեր իրավունքից այսուհետ եւս օգտվելու ենք առանց վարանելու եւ առավելագույն կերպով», - ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանը այսօր նշում է Հաղթանակի եւ խաղաղության տոնը։

68 տարի առաջ այս օրը ազդարարվեց Հայրենական մեծ պատերազմի ավարտը: Աշխարհի բոլոր հայերի համար այսօր կրկնակի տոն է` նշվում է նաեւ Շուշիի ազատագրման 21-ամյակը:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս օրը հայ ժողովրդի համար կրկնակի խորհուրդ ունի, իր ուղերձում ընդգծում է նախագահը` շարունակելով. - «Մեծ հայրենականում բազմաթիվ ժողովուրդների հետ միասին նաեւ մեր հայրերի ու պապերի սխրանքով նվաճված պանծալի հաղթանակը ոչ միայն մեր երկիրը փրկեց վերահաս աղետներից, այլեւ հնարավորություն տվեց կառուցելու խաղաղ ու ստեղծագործ ապագա: Ֆաշիզմի դեմ պայքարում հայազգի մարտիկները կրկին անգամ ցուցադրեցին մեր ժողովրդի ազատատենչ ոգին ու սխրանքների գնալու հաստատակամությունը` յուրօրինակ ոգեշնչում դառնալով արդեն Արցախյան գոյամարտի տարիներին: Շուշիի ազատագրումից հետո մայիսի 9-ը մեզ համար ստացավ եւս մեկ նշանակություն, դարձավ հաղթանակի եւ խաղաղության նոր խորհրդանիշ: Այն մեզ համար փրկության եւ ազատության օր է, նոր հույսերի, նոր կյանքի սկիզբ, հայոց նորագույն պատմության նշանակալի հանգրվան»

«Այսօր հստակ է ամենակարեւորը. մենք մեր տան մեջ ապրելու համար որեւէ մեկի բարեհաճության կարիքը չունենք եւ արմատից կկտրենք որեւէ բռնություն: Մայիսի 9-ը ծանրակշիռ ապացույց է առ այն, որ, անհրաժեշտության դեպքում, ինքնապաշտպանության մեր իրավունքից այսուհետ եւս օգտվելու ենք առանց վարանելու եւ առավելագույն կերպով: Սա է խաղաղության ներկա բանաձեւը», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

«Ցավոք, խաղաղությունը հաճախ պարտադրվում է զոհերի գնով: Փա՛ռք մեր հերոսներին: Նրանց սխրանքը մենք հավերժացնելու ենք ամուր եւ վերելք ապրող պետություն կառուցելով», - ընդգծում է Հայաստանի նախագահը:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Մայիսի 9-ի` Հաղթանակի եւ խաղաղության պանծալի տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա առիթով», - ասված է, մասնավորապես, Վեհափառի ուղերձում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Փառք եւ գոհություն ենք մատուցում Աստծուն, որ ազգս հայոց ապահովության մեջ պարծանքով ու տոնական խնդությամբ է նշում Խաղաղության եւ հաղթանակի ու Շուշիի ազատագրման տոները: Շուշիի եւ Արցախի ազատագրմամբ, որ ձեռք բերվեց մեր քաջարի զավակների հերոսական պայքարով, մեր նորօրյա պատմության մեջ բացվեց նոր հաղթանակների, նոր կյանքի հուսառատ էջը` հաստատելով սուրբգրային խոսքը, թե ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն», - իր ուղերձում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG