Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ Ղարաբաղի ղեկավարության հետ


Բակո Սահակյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, Ստեփանակերտ, 2-ը մայիսի, 2013թ., լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Բակո Սահակյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, Ստեփանակերտ, 2-ը մայիսի, 2013թ., լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Երեկ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Սահակյանն ու Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ, անդրադարձել այդ ուղղությամբ Ղարաբաղի, Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերին:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Ղարաբաղի արտաքին գերատեսչությունների միջեւ ավելի ակտիվ եւ համակարգված աշխատանքը:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հյուրընկալվել է Ղարաբաղի խորհրդարանում, որտեղ հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Ղարաբաղի Ազգային ժողովների համագործակցությունը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի` այլ երկրների խորհրդարանների հետ կապերի հաստատման գործընթացին:

Նալբանդյանն այցելել է Ղարաբաղի արտգործնախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ղարաբաղի ԱԳՆ-երի միջեւ համագործակցության սերտացմանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը, դիվանագիտական կադրերի վերապատրաստման հարցերին:

Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ղարաբաղի ԱԳՆ-ի ղեկավար կազմի հետ, որին ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ-ի առաջիկա ծրագրերը։

Ստեփանակերտում Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է նաեւ հայ բարերար Սերգեյ Սարկիսովի միջոցներով հիմնանորոգված Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան դպրոցի բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG