Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ով, ինչի համար եւ ինչպես է իրականացրել հայերի ցեղասպանությունը՝ հայտնի է ամենայն մանրամասնությամբ: Ով է թույլ տվել եւ ով է նպաստել, որ այդ աղետը տեղի ունենա՝ նույնպես գաղտնիք չէ: Այստեղ մեր պետության, մեր ազգային կառույցների, մեր պատմաբանների խնդիրն է՝ գտնել փաստեր եւ փաստարկներ՝ ամբողջ աշխարհին դա բացատրելու համար: Մեզ՝ հայերիս համար կարեւոր է պարզել այլ հարցեր՝ մասնավորապես, հասկանալ, թե ինչու որոշ տեղերում մեզ հաջողվեց դիմադրություն ցույց տալ թուրք զինվորականներին եւ հրոսակներին եւ ինչու շատ դեպքերում այդպիսի դիմադրություն չի ցուցաբերվել: Մենք խուսափում ենք խոսել այդ թեմաներով՝ չցանկանալով, հավանաբար, թուրքերի ջրաղացին ջուր լցնել: Բայց գուցե մենք ավելի շատ ենք այդ ջրաղացին ջուր լցնում, երբ 1915 թվականի հետ կապված ինքներս մեզ պատկերում ենք որպես խեղճուկրակ, զարկված-զրկված, բազմաչարչար ժողովուրդ՝ կարծես թե չարչարվել ենք միայն մենք, իսկ մնացած ժողովուրդների պատմությունը հաղթանակների եւ հաճույքների անընդմեջ շղթա էր»:

«Օրակարգ»-ի խմբագիրը գրում է. - «Շուտով կլրանա Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սփյուռքյան շատ կառույցներ այսօր էլ ջանքեր են թափում ճանաչման եւ ժխտողականության դեմ պայքարի համար: Արդյո՞ք նույն կերպ պետք է շարունակել պայքարը նաեւ երկրորդ հարյուրամյակում: Ցեղասպանվածի բացասական իդենտիկությանը լուրջ մարտահրավեր նետեց Ղարաբաղյան շարժումն ու հաղթանակը: Հայությանը մատուցվում էր հաղթողի ինքնություն: Սակայն պետք է խոստովանենք, որ հայությունը եւ հատկապես Սփյուռքն այնքան էլ ակտիվ չեղան հաղթական ինքնությունը յուրացնելու գործում: Արցախյան պատերազմում կռված սփյուռքահայ որոշ հրամանատարներ Սփյուռքի ոչ բավարար մասնակցությունը Արցախյան պատերազմին բացատրում են սփյուռքյան կառույցների վարվելակերպով: Տարիներ առաջ այս վարկածը տարօրինակ էր թվում, սակայն Սիրիայում կատարվող դեպքերը վերացրին բոլոր կասկածները: Սիրիահայերին Հայաստան տեղափոխելու լուրջ քայլեր չկատարվեցին ոչ միայն հայկական ապաշնորհ իշխանությունների մեղքով, այլ նաեւ Սփյուռքի կառույցների լոբբինգի շնորհիվ»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկ առավոտյան կրկին կրակոցներ հնչեցին Գյումրիում: Արդեն սովորական է դարձել, որ Վարդան Ղուկասյանի ազգականները պետք է կրակեն ու ծեծեն, սպառնան ու վախեցնեն: Վերջին տարիներին այնքան հաճախ ենք այդպիսի լուրեր ստացել, որ մի տեսակ բնական է դարձել՝ արդեն չենք էլ զարմանում: Իշխանությանը թվում էր, թե քաղաքապետին պաշտոնաթող անելը կզսպի ղուկասյանների «կրքերը», եւ Գյումրին կդադարի կրակոցների, զինված «ռազբորկաների» թատերաբեմ լինելուց, բայց պարզվեց՝ աթոռից զրկված Վարդանիկն ու իր ժառանգներն ավելի ոգեւորված գործի անցան: Մի բան այսօր ակնհայտ է՝ իշխանության համբերությունն էլ է սպառվել: Եվ նա չի պատրաստվում հանդուրժել Վարդանիկի «բեսպրեդելը»՝ վաղուց ժամանակն էր: Բայց պետք է արձանագրենք, որ եթե սրանք ժամանակին պատժվեին, բանը չէր հասնի սպանության: Ուստի հարկավոր է հասկանալ՝ անպատժելիությունը, որ տարիներ շարունակ տիրում է տարբեր ոլորտներում, ի վերջո, հանգեցնում է ողբերգության»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Առաջիկա ընտրությունների բուն իմաստը այն չէ` Տարոնը լա՞վ քաղաքապետ է, թե՞ ոչ, սիրո՞ւն նստարաններ է տեղադրել, թե՞ ոչ, ժողովուրդը նրան սիրո՞ւմ է, թե՞ ոչ եւ այլն: Սիրել-չսիրելը այստեղ ընդհանրապես կապ չունի, որովհետեւ եթե սիրելով լիներ, տղամարդկանց մեծամասնությունը ձայն կտար Քիմ Քարդաշյանին, կանանց մեծամասնությունը` Բրեդ Փիթին: Խնդիրը շատ ավելի կոնկրետ է` Երեւանը քաղաքապետ ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Իսկ հարցը հենց այդպես է դրված, որովհետեւ Տարոն Մարգարյանը քաղաքապետ չէ, նա ընդամենը տնտեսվարի նման մի բան է: Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի է, այսինքն` տեսականորեն Երեւանի քաղաքապետը միակ պաշտոնյան է, ում Սերժ Սարգսյանը չի կարող հենց այնպես աշխատանքից ազատել: Սա նշանակում է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը պիտի զբաղեցնի այնպիսի մեկը, ով կկարողանա «ոչ» ասել Սերժ Սարգսյանին: Ի վիճակի՞ է արդյոք Տարոն Մարգարյանը որեւէ հարցում հաստատակամություն ցուցաբերել եւ «ոչ» ասել Սերժ Սարգսյանին: Իհարկե ի վիճակի չէ»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Հատկապես վերջին օրերին ՀՅԴ ղեկավարությունը տարբեր առիթներով հայտարարում է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտը կարող է միավորել միայն Դաշնակցությունը, եւ որ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմությանը չմիացած կուսակցությունները ցույց կտան իրենց իսկական դեմքը: Արդյո՞ք սա ընդդիմադիր դաշտի մնացած ուժերին քաղաքական շանտաժի ենթարկելու փորձ է, թե՞ սեփական արժանիքները գերագնահատելու դրսեւորում, դժվար է ասել: Հավանաբար ե'ւ մեկը, ե'ւ մյուսը: Սակայն երկու դեպքում էլ ակնհայտ է, որ Դաշնակցության նման պահվածքը դրական արդյունքի չի հանգեցնի ո'չ կուսակցության հեղինակության բարձրացման, ո'չ էլ ընդդիմադիր դաշտի միավորման առումով: Առավել եւս, որ վերջինի հետ կապված` դաշնակցականների պահվածքը, մեղմ ասած, խնդրահարույց է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG