Մատչելիության հղումներ

Վերջին տարիներին գործ ունենք «ուղեղների արտահոսքի» հետ


Պետական վիճակագրական ծառայությունը վերջին տարիներին չի իրականացրել Հայաստանից արտագաղթողների թվի վերաբերյալ առանձին ուսումնասիրություն:

Վիճակագրական ծառայությունը ամեն տարի Հայաստանի սահմաններին հաշվառում է մեր երկրի սահմանը հատող մարդկանց թիվը:

Վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը շեշտում է, որ ստացվող բացասական թիվը դեռեւս արտագաղթողների թիվը չէ, քանի որ արտագաղթողների ճիշտ թիվը հաշվելու համար «այլ մոտեցում եւ մեթոդաբանություն է հարկավոր»: Օրինակ 2012-ին Հայաստան մտած ու այստեղից գնացած մարդկանց տարբերությունը ավելի քան 43 հազար է, այս մարդկանց միայն մի մասը կարող է համարվել արտագաղթող, թե որ մասը, ուսումնասիրություններ չկան:

«Այսօր չկա այն աղբյուրը, որով միարժեքորեն միգրացիայի գնահատական կտրվի: Մենք ընդամենը տարբեր աղբյուրներում եղած հնարավորությունները օգտագործում ենք, որպեսզի կարողանանք միգրացիայի գնահատական տալ: Իսկ ավելի երկարաժամկետ գնահատական տալիս են մարդահամարի արդյուքները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Կույումջյանը:

Երկու մարդահամարների արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը նվազել է ավելի քան 194 հազարով: Վերջին 10 տարվա ընթացքում իջել է նաեւ ծնելիության մակարդակը, ինչը նշանակում է, որ 194 հազարը կրկին բացառապես արտագաղթողների թիվը չի, այլ բնակչության թվաքանակի բացասական շարժը: Այնուամենայնիվ, ստացվում է, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանից հեռացել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ալինա Պողոսյանը, ով զբաղվում է միգրացիայի հարցերով, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - ««Իմ հետազոտությունների ժամանակ շատ հաճախ է եղել, որ մարդուն հարցնում ես միգրացիայի պատճառների մասին, սկզբից ասում են հիմնական ընդունված պատճառները` «աշխատավարձը ցածր է», «երկիրը երկիր չի» եւ այլն»:

Սակայն ավելի երկար զրուցելուց հետո, նրա խոսքով, շատ «այլ պատճառներ են ի հայտ գալիս, որոնց թվում կարեւոր է նշել մշակութային պատճառները. - «Մարդիկ կարող են մեկնել, որովհետեւ իրենց դուր է գալիս որեւէ այլ երկրի կյանքի ոճը»:

Հիմնական աշխարհագրական ուղղությունը, որը գրավում է հայերին, Արեւմուտքն է: Ռուսաստան գնում են հիմնականում սեզոնային աշխատանքային միգրանտները:

Գիտնականը կարծում է, որ Հայաստանի անկախության տարիներից սկսված արտագաղթի ալիքը տարբեր տարիներին տարբեր հիմնական պատճառներ է ունեցել, եւ նշում է, որ կարելի է առանձնացնել երեք փուլեր «փոքր-ինչ կոպիտ խմբավորման դեպքում»:

90-ականներին մարդիկ Հայաստանից հիմնականում մեկնում էին պատերազմի, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի պատճառով:

«2000-ականներին արդեն սկսեցին դժգոհել աշխատեղերի բացակայությունից, ցածր աշխատավարձերից: Միգրացիան արդեն փախստականների ներհոսք եւ արտահոսք չէր, այլ աշխատանքային միգրանտների շարժ, եւ պատճառներն արդեն ավելի շատ տնտեսական էին` աղքատություն եւ այլն», - նշեց Պողոսյանը:

Արդեն վերջին տարիներին Հայաստանից մեկնում են հիմնականում բարձր որակավորում ունեցող մասնագետները:

«Արդեն ունենք ուղեղների արտահոսք, որի վտանգները իրականում ավելի բացասական կլինեն, քան եթե մենք զուտ աշխատուժ ենք արտահանում: Շատ դեպքերում Հայաստանից մեկնող մարդիկ այստեղ ունեն աշխատանք, եւ գնում են ավելի լավ աշխատանք գտնելու, ավելի պրոֆեսիոնալ միջավայրում հայտնվելու համար», - նշեց Ալինա Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG