Մատչելիության հղումներ

«Բարեւ Երեւան» դաշինքը քարոզչություն անցկացրեց Շենգավիթում


Ակտիվ քարոզարշավը «Բարեւ Երեւան» դաշինքը սկսեց այսօրվանից` մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում:

Բաժանված երեք խմբերի՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ դաշինքի ցուցակի առաջատար Արմեն Մարտիրոսյանը երթով անցան համայնքի փողոցներով: Քաղաքապետի թեկնածուն իր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով քաղաքացիներին բարեւում էր ձեռքով, մտնում խանութներ, դեղատներ, գետնանցումներ, սննդի կետերի աշխատողներին էր նախընտրական բուկլետներ բաժանում:

Արմեն Մարտիրոսյանը այսօր հայտարարեց, որ դաշինքը ընտրությունների է գնում հաղթանակի` ավագանիում մեծամասնություն ձեւավորելու ակնկալիքով. «Ժառանգության» փոխնախագահին վստահություն են ներշնչում Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած քվեները նախագահական ընտրություններում․ - «Ինչպես փետրվարի 18-ին քաղաքացին իր իրավատիրոջ ձայնը բարձրացրեց, նույն կերպ եւ մայիսի 5-ին անկախ ճնշումներից, ընտրակաշառքի առաջարկին, քաղաքացին եւս մեկ անգամ կվերահաստատի իր իրավատիրոջ կարգավիճակը»:

«Ժառանգությունը» մտահոգված չէ, որ այլ ընդդիմադիր, կամ ինչպես, Արմեն Մարտիրոսյանը ձեւակերպեց, պսեւդո ընդդիմադիր ուժեր են ընտրապայքար մտել, ասաց` «Բարեւ Երեւան» դաշինքի միակ մրցակիցը իշխանությունն է․ - «Մենք պայքարելու ենք, որպեսզի հաղթանակ ապահովենք ի հաշիվ իշխանության, եւ ընդդիմադիր հատվածում ով փորձում է ինչ-որ ընդդիմության լիդերի պայքար տանել, դա իր խնդիրն է: Մեր պայքարը իշխանության դեմ է, մեծամասնություն ձեւավորելու համար է»:

Հարցին, թե ընտրություններից հետո կհամագործակցի արդյոք «Բարեւ Երեւան» դաշինքը ընդդիմադիր այլ ուժերի հետ` Արմեն Մարիտիրոսյանը պատասխանեց, թե դեռ պետք է հստակեցնել` որն է ընդդիմությունը. - «Արդյոք ընդդիմությունը այն է, որը իշխանության դեմ է պայքարում, թե ընդդիմությունը նա է, որ ընդդիմության հետ է պայքարում»:

Երեւանի ամենակարեւոր խնդիրը քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի համար քաղաքացու ազատությունն է. Արմեն Մարտիրոսյանը նկատի ունի, օրինակ, ընտրակեղծիքները, որոնց մասին արդեն ահազանգեր է ստանում. - «Շատ քաղաքացիներ, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներին, իրենք անընդհատ ինչ-որ ճնշումների շրջանում են գործում: Մանկավարժին ստիպում են, որ ձայնաբերությամբ զբաղվի, դաստիարակին ստիպում են ձայնաբերությամբ զբաղվի, համատիրության աշխատակիցը, փոխանակ շենքերի շահագործման մասին մտածի, մտածում է թե ինչպես ձայն բերի իշխող կուսակցության համար: Ծնողներին ստիպում են, որ ամեն դասարանից տասը ծնող պետք է հավաքներին մասնակցի, քարոզարշավը չսկսված արդեն մարզերից ահազանգը կա, որ ստիպում են պետական տարբեր հիմնարկների աշխատողների Երեւանում բնակվող իրենց հարազատի ցուցակ ներկայացնել»:

Շենգավիթում երթի ավարտին երեք խմբերը միացան Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ էլ փոքր հավաք անցկացրին: Անահիտ Բախշյանն իր ելույթում ընդգծում էր, որ այս ընտրությունները Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման կարեւոր մի հանգրվան են. - «Սկսելու ենք Երեւանից: Աստված մեզ ուժ է տալու եւ իմաստնություն է տալու, որպեսզի մենք այս գործը իսկապես իր արդար ավարտին հացնենք»:
XS
SM
MD
LG