Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» Տեր–Պետրոսյանին մեղադրում է ընդդիմադիր դաշտը պառակտելու մեջ


«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյան
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյան
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի գնահատմամբ, ոչ իշխանական ուժերը այսօր պարզապես օգտվում են քաղաքական այն ակտիվությունից, որը Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ ստեղծել իր գործողություններով։

Այսօր հրավիրած ասուլիսում, Հակոբյանը, մասնավորապես, անդրադարձավ նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանի վերջին ելույթին, որի ընթացքում առաջին նախագահը քննադատել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական գործողությունները` ասելով, թե դրանցում քաղաքական պրոցես չի տեսնում: Հակոբյանն ասաց՝ չի կարծում, որ քաղաքական պրոցեսը բախման ու արյունահեղության գնալ էր:

Ռուբիկ Հակոբյանի համար շարունակում է բաց մնալ այն հարցը, թե ինչու ընդդիմադիր ուժերը չմասնակցեցին նախագահական ընտրություններին` ասելով, թե դրանք մրցակցային չեն, քաղաքական չեն, բայց քաղաքապետի ընտրությունները, փաստորեն, կարեւորեցին:

«Ինչո՞ւ չհամախմբվեցին` իշխանափոխություն իրականացնելու համար», - հարց է բարձրացնում Հակոբյանը: «Ժառանգության» ներկայացուցիչը իր եզրակացությունն ունի այստեղ. - «Այսօր ընդդիմադիր դաշտի թիվ 1 պառակտողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»։

Չնայած այս ամենին՝ Հակոբյանը չբացառեց, որ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը կհամագործակցի հանուն արդար ընտրությունների, սակայն, ըստ նրա, պետք է ուշադիր հետեւել, թե նախընտրական փուլում ով իրեն ինչպես է դրսեւորում:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե իշխանական այս համակարգում ընդդիմադիր ուժերից ընտրված քաղաքապետը կկարողանա՞ արդյոք բարեփոխումներ իրականացնել մայրաքաղաքում, Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ Երեւանն այսօր «ոչ լավ օրից» քաղաք-պետություն է, ինչը ենթադրում է, որ քաղաքապետը իսկապես կարող է իր իրավունքների եւ վստահության շրջանակներում շատ քիչ զիջել Հանրապետության նախագահին։

«Եվ իսկապես, նա, ով կարող է այսօր հաղթել Երեւանի ավագանու ընտրություններում, կարող է լուրջ քաղաքական հայտ ներկայացնել ընդհանրապես ամբողջական իշխանափոխության համար», - մանրամասնեց Հակոբյանը։

Ռուբիկ Հակոբյանից փորձեցինք ճշտել, թե երեկ «Ժառանգություն» կուսակցության շտաբի նիստի ընթացքում մշակվե՞լ է արդյոք այն օրակարգը, համաձայն որի Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր աջակիցները պետք է շարունակեն իրենց պայքարը։ Հակոբյանն ասաց, որ այս պահին դեռ ծրագիրը մշակվում է եւ մինչեւ ապրիլի 19-ի քաղաքացիական ժողովը թերեւս պարզ կդառնա։

Այլընտրանքային կառավարություն ստեղծելու մասին զրույցներն այդպես էլ մարեցին, թեպետ նախօրոք Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել էր վերջին հավաքի ժամանակ խոսել այդ մասին: Ռուբիկ Հակոբյանը ասաց, որ թեպետ հարցը քննարկման փուլում է, բայցեւայնպես կարծում է, որ դա իրատեսական չէ:
XS
SM
MD
LG