Մատչելիության հղումներ

Փոստանջյանը ասում է` իրենք «հաղթանակած իրավիճակ ունեն»


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Մենք այսօր ունենք հաղթանակած իրավիճակ, ուրբաթ օրը Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ապրիլի 9-ին տեղի ունեցավ սուտ երդման եւ կեղծիքի հուղարկավորությունը: Փաստորեն քաղաքային իշխանությունները մեզ դրա համար հող չէին տրամադրել, որպեսզի մենք գերեզմանոցում թաղեինք այդ կեղծիքը եւ սուտը, ստիպված նրանք մեզ խորհուրդ տվեցին, որ կեղծիքի եւ ստի համար նախատեսված է աղբարկղ եւ այդ աղբարկղում այդ տեղն է, որտեղ, ըստ էության պետք է թաղվեն դրանք», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց Փոստանջյանին. - «Առարկայական աղմուկով, ինչ-որ բան ասել, ինչ-որ բան հորդորելը քաղաքական ճակատագրի վախճան է: Կին է, ես չեմ կարող հայհոյանքը հայհոյանքով պատասխանել, մտքումս պատասխանեցի»:

Իշխանական Հանրապետականը, ի դեմս «Ժառանգության» եւ նրա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, չի տեսնում ընդդիմություն: Գալուստ Սահակյանը մտահոգված հայտարարեց, թե խնդիրները լուծումը իշխանության վրա ընկավ, հիմա երկու դեր է իրենց վերապահված` եւ ընդդիմությանը, եւ իրենց հիմնականը: Ժողովրդի մտահոգությունները իրենց արձագանքը կունենան, խոստացավ նա:

«Կունենան ոչ թե խոսքով այս անգամ, այլ կատարած գործերով», - ասաց Սահակյանը:

Ընդդիմության հետ բանակցելու, այդ ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությունը իշխանությունը ապրիլի 9-ից հետո սպառված է համարում: «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ասաց` իրենք էլ իշխանությունը չեն ճանաչում:

Դաշնակցությունը երդմնակալության մեկ արարողությունից է տեղյակ` Սերժ Սարգսյանի պաշտոնամուտից, այսօր հայտարարեց «Ժառանգության» գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Դաշնակցությունը քննադատում է «Ժառանգությանը» համակարգված քայլեր չունենալու համար: Այսօր լրագրողների հետ ժամանակ Ռուստամյանը հայտարարեց, որ այնուհանդերձ, ամեն ինչ կորած չէ:

Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցում հետընտրական իրադարձություններին, որովհետեւ ինչպես Գագիկ Ջհանգիրյանը ձեւակերպեց, «տրամաբանական գործողությունների չի տեսնում»:

«Շատ հստակ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է իշխանության ճանաչումը: Եթե մերժել է, այդ դեպքում ոստիկանապետի հետ ի՞նչ աղոթք է անում Ծիծեռնակաբերդում», - հարցրեց Ջհանգիրյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ը եւս հեռվից է դիտում վերջին զարգացումները: Ինչպես Վարդան Օսկանյանը ասաց, ԲՀԿ-ն չի ուզում խանգարել, բայց խորհուրդ տալ միշտ կարող է:

«Հանգուցալուծումը մեծ հաշվով ես մի բանի` քաղաքական դաշտում հակակշիռներ ստեղծելու մեջ եմ տեսնում», - ասաց Օսկանյանը:

Մարտի 1-ի նոր հանձնաժողովի ստեղծումը կասկածի տակ է

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած քննարկումներից պարզ դարձավ, որ քաղաքական մեծամասնությունը Ազգային ժողովի օրակարգում հայտնված Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը կարող է մերժել: Հանրապետականը հատկապես հանձնաժողովի աշխատանքին վերաբերող մի քանի վերապահումներ ունի:

ՀՀԿ-ականները կարծում են, որ քրեական գործը ուսումնասիրելու, գործի նախաքննություն իրականացնող քննիչներին հարցեր ուղղելու իրավունք պատգամավորները չունեն: Նախաձեռնության հեղինակներից Գագիկ Ջհանգիրյանն ասաց` այդ հանձնաժողովի ստեղծումը իրավապահ մարմինների որոշ ղեկավարների է անհանգստացրել, եւ այդ անհանգստությունն է Ազգային ժողովի դահլիճ տեղափոխվել:

«Եթե մենք չենք հրավիրելու հետաքննիչներին, քննիչներին, դատախազներին, բա ո՞ւմ ենք հրավիրելու: Եթե մենք չենք ուսումնասիրելու քրեական գործերի նյութերը, այդ դեպքում մենք ի՞նչ ենք ուսումնասիրելու: Չեմ կարող զիջել, որովհետեւ հակառակ դեպքում անիմաստ կլինի ընդհանրապես այս հանձնաժողովի ստեղծումը», - ասաց Ջհանգիրյանը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG