Մատչելիության հղումներ

«Ցուցակների պատերազմ» ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ


Ռուսաստանցի ընդդիմադիր Բորիս Նեմցովը` Սերգեյ Մագնիտսկու դիմանկարով, ներքին գործերի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, Մոսկվա, մարտ, 2012թ.
Ռուսաստանցի ընդդիմադիր Բորիս Նեմցովը` Սերգեյ Մագնիտսկու դիմանկարով, ներքին գործերի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, Մոսկվա, մարտ, 2012թ.
Միացյալ Նահանգները երեկ հրապարակել է ռուսաստանցի 18 անձանց ցուցակ, որոնցից 16-ը առնչություն ունեն 2009 թվականին բանտում մահացած իրավաբան Սերգեյ Մագնիտսկու գործին եւ որոնց նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնի կողմից վիզային ու ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել:

Հրապարակված ցուցակում բարձրաստիճան պաշտոնյաներ չկան:

Ի պատասխան` Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր հրապարակել է 18 ամերիկացիների ցուցակ, որոնց մուտքը ռուսաստանյան տարածք արգելվել է: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ իրենց ցուցակում ընդգրկված են, «առաջին հերթին, նրանք, ովքեր առնչություն ունեն Գուանտանամոյի հատուկ բանտում կալանավորների խոշտանգումների եւ անժամկետ պահման օրինականացմանը, ռուսաստանյան քաղաքացիների` երրորդ երկրներում ձերբակալություններին եւ առեւանգումներին, նրանց կյանքի եւ առողջության դեմ ոտնձգություններին»:

Ռուսաստանցի մի քանի տասնյակ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը` «Մագնիտսկու ցուցակը» Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդունել է անցած տարվա վերջին: Պաշտոնական Մոսկվան խիստ բացասաբար արձագանքեց թե՛ տվյալ օրենքի ընդունմանը եւ թե՛ 18 անձանց ցուցակի հրապարակմանը Վաշինգտոնի կողմից:

«Այդ ոչ բարեկամական քայլին մեր սկզբունքային գնահատականը քաջ հայտնի է` ԱՄՆ-ի Կոնգրեսի ռուսատյաց տրամադրվածությամբ անդամների ճնշման ներքո ուժգին հարված հասցվեց երկկողմ հարաբերություններին եւ փոխադարձ վստահությանը», - Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում ասում է Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Ցուցակների պայքարը մենք չենք ընտրել, սակայն բացահայտ շանտաժին չպատասխանելու իրավունք մենք չունենք: Ժամանակն է, որպեսզի քաղաքական գործիչները Վաշինգտոնում հասկանան, որ այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանն է, հարաբերությունները դաստիարակի եւ անթաքույց թելադրանքի ոգով կառուցելը անհեռանկար է», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG