Մատչելիության հղումներ

Սարգսյանն իր առաջնահերթ խնդիրն է համարում տնտեսական առաջընթացը


Լուսանկարը` նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` նախագահի պաշտոնական կայքէջի
Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ ստանձնեց Հայաստանի նախագահի պաշտոնը։

Երեքշաբթի օրը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ հնգամյա ժամկետով ստանձնեց պետության ղեկավարի պարտականությունները:

Խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ կայացավ նախագահի երդմնակալության արարողությունը, Սերժ Սարգսյանը, ձեռքը դնելով Սահմանադրության մայր օրինակի եւ 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա, արտասանեց Հայաստանի նախագահի երդման տեքստը:

Նախագահի երդումից հետո օրհնության խոսք ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Սերժ Սարգսյանը:

«Նման պատմական ու մշակութային հենք ունեցող ազգի ղեկավար կարգվելը բացառիկ պատիվ է: Այս հանդիսավոր պահին ես խոստանում եմ այդ պատիվը բարձր պահել: Որեւէ նախագահի համար Սահմանադրությամբ նախատեսված երկրորդ ժամկետն ունի եւ՛ իր առավելությունները, եւ՛ իր բարդությունները: Հիմնական առավելությունը, իհարկե, կուտակված փորձն է, որ նման աշխատանքի դեպքում խիստ արժեքավոր է: Լրացուցիչ բարդությունները կապված են ժողովրդի ավելի մեծ ակնկալիքների եւ ավելի բարձր պահանջների հետ: Ես անելու եմ ամեն ինչ՝ այդ ակնկալիքներն ու պահանջները կյանքի կոչելու համար», - մասնավորապես ասաց Սերժ Սարգսյանը, - «Առաջիկա հինգ տարիներին մեր պետության եւ ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը: Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ եւ վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձեւը»:

Որպես երկրորդ առաջնահերթություն Սերժ Սարգսյանը նշեց իրավունքի գերակայության ապահովումը. - «Բոլորի հավասարությունը օրենքի առջեւ պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար»։

Որպես երրորդ առաջնահերթություն՝ վերընտրված նախագահը մատնանշեց ժողովրդավարության խորացումը՝ հավելելով, թե դա ամենաուղղակի կերպով կապված է նախորդի՝ իրավունքի գերակայության հետ։

Անդրադառնալով արտաքին քաղաքականության խնդիրներին՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. - «Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը մնում եւ մնալու է մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման: Միաժամանակ մենք հետեւողականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որեւէ գործոն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին: Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու եւ խաղաղությունը պահպանելու կարեւորությունը քննարկման առարկա չէ»։

«Մենք մեր հարեւաններին առաջարկել ենք համամարդկային արժեքների վրա խարսխված արժանապատիվ խաղաղություն: Բայց անցած տարիների փորձը ցույց տվեց, որ նրանք պատրաստ չեն ընդունելու այդ առաջարկը: Որքան ավելի բարդ պայմաններ են նրանք, իրենց կարծիքով, ստեղծում մեզ համար, այդքան ավելի ուժեղ ենք մենք դառնում: Եվ դա ավելի տեսանելի է լինելու», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

«Մեր հիմնական առավելությունը մեր ժողովրդի, մեր մարդկանց նախաձեռնողականությունն ու տաղանդն է: Ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում աշխատող մեր տղաներն ու աղջիկները մեր զինվորների պես ամուր են պահում մեր երկրի անվտանգությունը: Իսկ նրանց հետ՝ նաեւ յուրաքանչյուր մարդ, ով ազնիվ աշխատում եւ արդյունք է տալիս», - ասաց Սարգսյանը` շարունակելով. - «Մեր հիմնական խնդիրն է՝ ավելացնել այդպիսի մարդկանց համար դրսեւորվելու ուղիները: Տա՛նք մարդկանց հնարավորությունը՝ մնացած ամեն ինչ նրանք ինքնուրույն կանեն, կարարեն, կստեղծեն, կզարգացնեն»:

«Նաեւ այդ նպատակով մենք պետք է ապահովենք Հայաստան-սփյուռք գործակցության դինամիկ զարգացումը: Ես վստահ եմ՝ մենք միասին կարող ենք շատ ավելին անել: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք սփյուռքի ներուժը, առաջին հերթին՝ մարդկային կապիտալը: Մրցունակ եւ զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր կստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությունը», - հայտարարեց նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG