Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան հետ կապված նոր սկանդալ Ադրբեջանում


Ադրբեջանում զինծառայողի մահվան հետ կապված հերթական սկանդալի մասին է հաղորդում Contact.az-ը: Ադրբեջանական ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, հերքվել է երկրի պաշտպանության նախարարության հաղորդումը անցած շաբաթ օրը Թերթերի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Էլման Իմանովի` հրազենով ինքն իրեն սպանելու մասին:

Իմանովի մարմինը ցինկե դագաղում երեկ տեղափոխվել է Իմիշլիի շրջանի Խալֆալի գյուղում գտնվող նրա տուն: Տեղի ոստիկանությունը ապարդյուն փորձել է թույլ չտալ հարազատների կողմից դագաղը բացելը, իսկ բացելուց հետո, ինչպես «Թուրան» գործակալությանը տեղեկացրել են ականատեսները, պարզվել է, որ մահացածի գլխին դանակով հասցված խորը վերք է, եւ մարմնի վրա չկա հրազենային վնասվածք:

Զինվորի հարազատները մտադիր են հետամուտ լինել Իմանովի մահվան անաչառ քննությանը:

Contact.az-ը ընդգծում է, որ ադրբեջանական բանակում զինվորների մահվան պատճառների մասին սխալ տեղեկատվություն բազմիցս է արձանագրվել. նման ձեւով բանակային ղեկավարները փորձում են քողարկել մահացու ելքով բռնությունների փաստերը զինված ուժերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG