Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը սահմանափակել է «Ժառանգության» երթը


«Ժառանգության» համակիրների հանրահավաքը Ազատության հրապարակում, արխիվ
«Ժառանգության» համակիրների հանրահավաքը Ազատության հրապարակում, արխիվ
Երեւանի քաղաքապետարանը սահմանափակեց «Ժառանգություն» կուսակցության ապրիլի 9-ին նախատեսված երթը, որը պետք է տեղի ունենար 17.00-21.00-ն ընկած ժամանակահատվածում:

Երթը հաջորդելու էր Ազատության հրապարակում նախօրոք իրազեկված հանրային հավաքին եւ շարժվելու էր հետեւյալ ուղղությամբ` Ազատության հրապարակ -Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Վազգեն Սարգսյան փողոց - Գրիգոր Լուսավորիչ փողոց - Պարոնյան փողոց - Պռոշյան փողոց - Բաղրամյան պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ:

Քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացատրեց, թե որն է այս որոշման պատճառը:

«Պետք է հաշվի առնել, որ այդ օրը Բաղրամյան 26 հասցեում գտնվող հանրապետության նախագահի նստավայրում հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ, եւ քննարկման ժամանակ ասվեց նաեւ, որ առաջարկվում է երթը անցկացնել մեկ այլ ուղղությամբ», - պարզաբանեց Բաղդասարյանը:

Բացառվել է, մասնավորապես, Պռոշյան փողոցով եւ Բաղրամյան պողոտայով երթի անցկացումը: Քաղաքապետարանը հայտարարում է, թե դա «ուղղակիորեն բխում է հանրային շահերից` Պռոշյան փողոցով եւ Բաղրամյան պողոտայով անխափան երթեւեկության ապահովման անհրաժեշտությունից»: Դրա փոխարեն քաղաքապետարանն առաջարկել է երթն անցկացնել Ազատության հրապարակ -Հյուսիսային պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Վազգեն Սարգսյան փողոց - Ստեփան Շահումյանի անվան հրապարակ - Վազգեն Սարգսյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց -Ազատության հրապարակ երթուղով:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով ներկա է եղել քաղաքապետարանում այս քննարկմանը, չի համաձայնել այս առաջարկին: Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ չհամաձայնության պատճառն այն է, որ այդ առաջարկը իրենց նպատակների հետ կապ չունի:

«Այն բողոքի ձայնը, որ ցանկանում ենք բարձրացնել, բոլորովին չի համապատասխանում այդ երթուղուն, որովհետեւ մենք Նալբանդյան փողոցում բողոքելու ոչինչ չունենք», - ասաց Մարտիրոսյանը:

«Ժառանգության» երթը տեղի կունենա, իսկ թե ինչպես, ըստ Մարտիրոսյանի, «ապրիլի 9-ին կտեսնենք, թե որ ուղղությամբ ենք գնում եւ ինչ պահանջներով»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ ասաց` «Ժառանգությունը» մինչ օրս այլ երթուղի չի ներկայացրել: Գագիկ Բաղդասարյանը զերծ մնալաց գնահատական տալուց, թե նախնական երթուղուն հետեւելու դեպքում ինչ գործողությունների կարող են դիմել իրավապահ մարմինները երթի մասնակիցների նկատմամբ:

Մարտիրոսյանն ասում է` չի վախենում այդ օրը որեւէ բախումից. - «Քաղաքացիների կողմից լիարժեք վստահ եմ, որ որեւէ պրովակացի չի լինի: Քաղաքացիները միշտ` 1996 թվականից սկսյալ, խաղաղ բողոք իրականացնողներ են եղել, եւ եթե ինչ-որ բան եղել է, ապա դա եղել է բացառապես իշխանությունների կողմից սադրիչների ներմուծումը` քաղաքացիական հագուստով կամ հենց իշխանությունների կողմից իրականացված սադրանքները: Ժողովրդի հետ կապված որեւէ խնդիր չունենք»:
XS
SM
MD
LG