Մատչելիության հղումներ

Ապրիլի 4-ի մամուլ


«168 ժամ»-ը արձագանքում է Պռոշյանի գյուղապետի սպանությանը քաղաքական ենթատեքստ վերագրող հայտարարություններին. - «Հայաստանում գրեթե ամեն ամիս մարդ է սպանվում, եւ այդ առիթով որեւէ քաղաքական կուսակցություն հայտարարություն չի տարածում, ամենաթողության, անվտանգության բացակայության կամ քրեածին բարքերի առկայության մասին ոչ ոք չի բարձրաձայնում: Ստացվում է` կուսակցություններն արձագանքում եւ դատապարտում են միայն իրենց կուսակից ընկերների սպանությունները, նրանց դեմ կատարված ոտնձգությունները, իսկ երբ դա տեղի է ունենում շարքային քաղաքացու, ոչ կուսակցականի հետ, արդեն ոչ թե քաղաքական, այլ շարքային սպանություն է, որը հենց այդպես էլ պետք է լիներ: Եթե հայտարարվում է, որ սպանությունը քաղաքական է, ուրեմն պետք է նաեւ նշել այն քաղաքական ուժին կամ քաղաքական պատվիրատուին, որը կանգնած է սպանության հետեւում: Հակառակ դեպքում դրանք դառնում են մերկապարանոց հայտարարություններ»:

«Ժամանակ» օրաթերթը մեկնաբանում է Երեւանի քաղաքապետարանի պատասխանը` տրված ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նախկին արտգործնախարարն արծարծել էր երեւանյան խնդիրները: Քաղաքապետարանը, ըստ թերթի, հիշեցրել է Վարդան Օսկանյանի կառավարության անդամ եղած տարիները` նշելով, որ «Երեւանի բոլոր այն խնդիրները, որ թվարկում է Վարդան Օսկանյանը, գալիս են այն ժամանակաշրջանից, երբ Օսկանյանը նախարար էր, այսինքն` երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, եւ երբ Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի էր, այսինքն` գտնվում էր Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ»: Թերթը շարունակում է. - «Հայաստանում ինչ հանրային քննարկման հարց առաջանում է, դիսկուրսը անմիջապես տեղափոխվում է փոխադարձ մեղադրանքների դաշտ՝ սկսում են հիշեցնել միմյանց ներկա ու անցյալ, ասում են՝ «իսկ քո ժամանակ ի՞նչ էր», կամ՝ «ինչո՞ւ այն ժամանակ ձայն չէիր հանում»: Խնդիրն այն է, որ մի կողմից՝ այդ հիշեցումները շեղում են բուն դիսկուրսից, մյուս կողմից, սակայն, երեւի թե այդ ամենը քննարկումների համար կարեւոր է, որպեսզի մասնակիցները չզբաղվեն մանիպուլյացիաներով, ինչին հաճախ ենք մենք ականատես լինում: Այս իրավիճակը հանգեցնում է մի փակ շրջանի, ինչի գլխավոր պատճառն այն է, որ երկրում չի գործել եւ չկա պատասխանատվության մեխանիզմ, այսինքն՝ դատական անկախ համակարգ, վստահելի արդարադատություն: Նաեւ չկա ընտրական համակարգ, որն ապահովում է քաղաքական պատասխանատվության մեխանիզմը»:

«Օրակարգ» թերթի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում վերահսկողության խնդրի լուծումը, ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ) նշում է. - «Շատ դժվար: Հարցը տեսական եւ պրակտիկ հարթություն ունի: Եթե կան ընտրակեղծիքների մեխանիզմներ, եւ մենք մոտավորապես պատկերացնում ենք՝ որոնք են դրանք, ես վստահ եմ, որ կան դրանց հակախաղերն ու տարբերակները: Այս կողմն էլ հիմար մարդիկ չեն, պետք է մտածել, թե ինչպես են կեղծում եւ ինչպես դեմը առնել: Եթե դեմը առնելը թողնենք մի ուժի վրա, ոչինչ չի ստացվելու: Ցանկացած կուսակցության ռեսուրսներ շատ ավելի քիչ են, քան պետական-իշխանական մեքենայինը: Դա՝ միանշանակ: Եթե ոչ իշխանական ճամբարում գտնվող քաղաքական ուժերը խնդիր դնեն բոլորը միասին պայքարել ընտրակեղծիքների դեմ, ապա կեղծելը շատ դժվար է լինելու»:

«Առավոտ» օրաթերթի խմբագիրը գրում է. - «Հաշվի առնելով, որ մեկ ամսից տեղի կունենան Երեւանի ավագանու ընտրություններ, պետք է ենթադրել, որ մի շարք կուսակցություններ մայրաքաղաքում նույնպես կանցկացնեն համայնքային եւ բակային հանդիպումներ: Ոչ այդ միջոցառումները, ոչ Րաֆֆիի մոտակա հանրահավաքը, ոչ էլ «նոր Հայաստանի երդմնակալությունը», հուսով եմ, չեն խոչընդոտվելու իշխանությունների կողմից: Բայց որպեսզի դրանք անցնեն ջերմ, հանգիստ եւ անվտանգ մթնոլորտում, պետք է լուծվի առնվազն երկու հարց: Առաջինը՝ իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է բացատրեն, թե ինչի համար են գաղտնի հետեւում եւ երբեմն նաեւ՝ գաղտնի նկարահանում այդ միջոցառումները: Ես նորմալ եմ համարում, երբ բացեիբաց դա անում է համազգեստով ոստիկանը. եթե, Աստված մի արասցե, որեւէ միջադեպ լինի, պետք է ունենալ դրա հնարավորինս ամբողջական տեսագրված պատկերը: Բայց երբ դա անում են գաղտնի, մարդիկ, որոնք քաղաքացիական հագուստով են, ընդ որում՝ այնքան «արհեստավարժ», որ հանդիպման բոլոր մասնակիցներին պարզ է, թե ովքեր են նրանք ու որտեղից, դա արդեն անհասկանալի է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG