Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի հեղինակած նախագիծը ԱԺ-ում դիմադրության է հանդիպում


Խորհրդարանական ուժերին չի հաջողվում համաձայնության գալ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ:

Ազգային Ժողովի հայտարարության` իշխող Հանրապետական խմբակցության հեղինակած նախագծում Ազգային ժողովը, մտահոգություն հայտնելով երկրում ստեղծված հետընտրական ներքաղաքական զարգացումների կապակցությամբ, խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, քաղաքական ու պետական գործիչներին կոչ է անում ջանքեր գործադրել փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում քաղաքական ուժերի միջեւ երկխոսություն ծավալելու համար, կառուցողական քննարկումներ ծավալել սահմանադրական բարեփոխումների եւ ընտրական համակարգի բարելավման շուրջ: Իշխող կուսակցության հեղինակած նախագծով խորհրդարանը քաղաքական ուժերին ու քաղաքացիներին նաեւ հորդորում է զերծ մնալ Սահմանադրությանն ու օրենքներին հակասող գործողություններից եւ առաջնորդվել երկխոսության ճանապարհով:

Իշխանական կոալիցիային մաս չկազմող խորհրդարանական խմբակցությունները այս հայտարարության նախագծին ընդդիմանում են՝ այն որակելով կոնկրետ լուծումներ չառաջարկող հռչակագիր:

«Մենք խմբակցությունում քննարկել ենք, եւ ես իմ մերժումը փոխանցել եմ խորհրդարանական մեծամասնությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մանրամասնելով․ - «Տեքստը, որը առաջարկվել էր մեծամասնության կողմից, մեզ համար անընդունելի է: Դա ոչ թե ուղեցույց էր, ոչ թե «մինի» ճանապարհային քարտեզ էր, թե ինչ պիտի անի մասնավորապես խորհրդարանը իր լիազորությունների շրջանակում այս իրավիճակը հաղթահարելու, երկրի առջեւ ծառացած լրջագույն խնդիրները լուծելու համար, այլ ընդամենը բարի ցանկությունների մի հռչակագիր էր` «լավ կլիներ, որ ամեն ինչ լավ լիներ» թեմայով»:

Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ այս նախագիծը կազմելիս հանրապետականները հաշվի չեն առել իրենց մի քանի առաջարկները, որոնք վերաբերել են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին:

Հաշվի չեն առնվել նաեւ ընդդիմադիր «Ժառանգության» եւ Դաշնակցության առաջարկները, ինչպես մեզ փոխանցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հիշեցնենք՝ նախագահական ընտրություններին հաջորդող հանրահավաքների օրերին «Ժառանգությունն» ու Դաշնակցությունն էին բարձրացրել ԱԺ ժողովի հայտարարությամբ հանդես գալու եւ հետընտրական զարգացումներին միասնական գնահատական տալու հարցը՝ ներկայացնելով հայտարարության սեփական նախագիծը: Այն, մասնավորապես, առաջարկում էր ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումներ, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ, վերահսկիչ պետական կառավարման համակարգում ընդդիմության ընդգրկում, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծում: Այդ առաջարկից հետո խորհրդարանի խոսնակը խոսեց խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու եւ համատեղ հայտարարությամբ հանդես գալու հավանականության մասին, ինչին էլ, փաստորեն, հաջորդեց Հանրապետական խմբակցության հեղինակած նախագիծը:

«Իրենք առաջարկեցին այս տարբերակը, բայց գիտե՞ք ինչ-որ տեղ զավեշտը որն է, այսպիսի պայման դրվեց՝ «կամ պետք է համաձայնեք այս մեր նախագծի հետ եւ որպես համաձայնություն միասնական մենք գնանք արտահերթ նիստի, կամ ոչ, եթե ոչ` նիստ չենք հրավիրի»: Ծիծաղելի է, իհարկե, եւ պառլամենտարիզմի հետ բացարձակ կապ չունի: Իսկ այդ նախագծում ի՞նչ են իրենք ասում: Ասում են, որ կայացել են ընտրություններ, ընտրվել է նախագահը, այսօր քաղաքական գործընթացներ են ընթանում: Այսինքն ոչինչ չասող ինչ որ բան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւս դեմ է արտահայտվել Ազգային ժողովի հայտարարության նախագծի` Հանրապետականի առաջարկած տարբերակին, եւ նախօրեին որպես այլընտրանքային տարբերակ առաջարկել է հայտարարության սեփական նախագիծը, որն է` ընտրական օրենսգրքում կատարել ընդդիմության առաջարկած փոփոխությունները, անցկացնել լսումներ ու քննարկումներ արտահերթ նախագահական, ապա` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. - «Եթե խոսքը նրա մասին է (իսկ կարծես խնդիրն այդպես է դրվում հանրապետականների կողմից), որ պետք է այս հետընտրական ճգնաժամի հետ կապված արտահերթ նիստ հրավիրել եւ համաձայնության գալ, մենք պատրաստ ենք դրան: Բայց համաձայնությունը կարող է կայանալ միայն ազատ եւ արդար ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանության կայացման շուրջ: Չի կարող լինել համաձայնություն նրա շուրջ, որ մենք շարունակենք հանդուրժել նման իշխանությունը Հայաստանում: Դրա շուրջ չի կարող լինի համաձայնություն եւ չկա: Կամ նրանք պետք է գիտակցեն, թե ինչով է հղի նման քաղաքականության շարունակականությունը, կամ, որն ավելի հավանական է, նրանք պետք է զիջեն ժողովրդական զանգվածների ճնշման ներքո: Ուրիշ տարբերակ չկա»:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հայտարարության հետ կապված տարաձայնություններ կան ինչպես իշխող խմբակցության հետ, այնպես էլ ոչ իշխանական խմբակցությունների միջեւ, ինչը կասկածի տակ է դնում հետընտրական իրավիճակի վերաբերյալ միասնական մոտեցմամբ հանդես գալու հեռանկարը: Այդ նպատակով Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հարցը եւս կարծես թե դուրս է գալիս քննարկումների օրակարգից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG