Մատչելիության հղումներ

Բաթումիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները


Բաթումիում այսօր կայացել է Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, ստորագրվել է տարբեր ոլորտներում համագործակցելու մասին հռչակագիր:

Այն գործողությունների ծրագիր է 2013-2015 թվականների համար եւ ներառում է բազմաթիվ ոլորտներ` էներգետիկան, շրջակա միջավայրի պահպանությունը, մշակույթը, կրթությունը, սպորտն ու երիտասարդությունը:

Այս մասին եռակողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն` հավելելով, որ նախատեսված միջոցառումների իրականացումը կնպաստի երեք երկրների միջեւ հարաբերությունների է'լ ավելի խորացմանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ քաղաքական հարցեր, տարածաշրջանային իրադարձություններն ու Սիրիայի խնդիրը: Իր խոսքում Մամեդյարովը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը օրինակելի է ողջ տարածաշրջանի համար:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Բաթումիում մզկիթ կառուցելու հարցին եւ հույս հայտնել, որ այն դրական լուծում կստանա: Նա անդրադարձել է մեսխեթցի թուրքերի վերադարձի խնդրին` նշելով, որ Թուրքիան պատրաստ է աջակցել գործընթացին, եթե դրա կարիքը լինի:

Այս ձեւաչափով երեք արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կանցնի տարվա երկրորդ կեսին Ադրբեջանում: Նման հանդիպումների հիմքը դրվել է Տրապիզոնում 2012 հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG