Մատչելիության հղումներ

Նույնականացման քարտերը որպես անձնագիր դեռ լիարժեք չեն ծառայում


2012 թվականի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 25-ը նույնականացման քարտ ստանալու համար ոստիկանության անձնագրային բաժիններ են դիմել 3000 - 4000 քաղաքացիներ:

«Նույնականացման քարտերի մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2012 թվականի հունիսի 1-ից: Նույն թվականի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 25-ը նույնականացման քարտ ստանալու համար ոստիկանության անձնագրային բաժիններ են դիմել 3000 - 4000 քաղաքացիներ:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տեխնիկական սպասարկման բաժանմունքի պետ Արգամ Սանասարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ դեկտեմբերից դիմողների թիվը կտրուկ աճել է: Դիմած 64 761 քաղաքացուց նույնականացման քարտ արդեն ստացել է 61 739-ը: Մինչեւ 2012 թվականի տարվա վերջ եղան նաեւ հերթերի կուտակումներ, ինչը հարուցեց քաղաքացիների դժգոհությունը

Հարցին, թե որն էրնույնականացման քարտ ձեռք բերելու շահագրգռվածության պատճառը, Սանասարյանը պատասխանեց. - «Քաղաքացիները լսելով, որ նույնականացման քարտ է մտել շրջանառության մեջ, որպես անձը հաստատող փաստաթուղթ եւ մյուսը, որ պետք է հաշվետվությունները ներկայացնեին էլեկտրոնային տարբերակով, եւ քարտը պետք էր նաեւ էլեկտրոնային ստորագրությունների համար»:

Վերջերս քաղաքացիների կողմից շատ են բողոքները, որ, օրինակ, բանկերում տարբեր գործարքներ կատարելու համար նույնականացման քարտից բացի պահանջում են նաեւ անձնագիր: Այնինչ ոստիկանությունից էլ հավաստիացրեցին, որ նույնականացման քարտ փոխարինում է անձնագրին:

Նշեմ նաեւ, որ մարտի 21-ին կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. - «Ունենք բողոքներ, որ, չնայած այն հանգամանքին, որ մենք օրենսդրությամբ սահմանել ենք, որ ID-քարտը կարող է փոխարինել անձնագրին, բայց բազմաթիվ օղակներում քաղաքացուց, բացի ID-քարտից, պահանջում են նաև անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին»:

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ ԲԲԸ տնօրեն Արթուր Ղուլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ այսօր քարտն իսկապես փոխարինում է անձնագրին եւ բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են մարդուն նույնականացնելու համար, քարտը պարունակում է:

Նույնականացման քարտ կարդացող սարքեր ներմուծող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում է, որ գործատուներին տրամադրել են ավելի քան 19 000 սարք հանրապետության ողջ տարածքում:

ԷԿԵՆԳ ընկերության տնօրենն էլ հավաստիացնում է, որ դաշտը տեխնիկապես զինված է, այսօր միայն որոշ խնդիրներ կան ծրագրային լուծումների հետ կապված. - «Տեխնիկական լուծումն այսօր պատրաստ է, ցանկացած ծրագիր, որը դուք կուզենաք օգտագործել քարտի հետ, այդ կարդացող սարքը լրիվ բավարար է, միայն ծրագրային լուծումները կարող են լինել տարբեր ապագայում: Այսինքն այսօր մենք ունենք ստորագրություն եւ միայն անհատական տվյալներ, վաղը կլինի բժշկական տվյալներ եւ այլն»:

Հարցին, թե արդյոք հնարավոր չէր բոլոր խնդիրները լուծելուց հետո միայն օրենքը կիրարկել, Ղուլյանը պատասխանեց. - «Լուծումը գալիս է եւ ենթակառուցվածքները հետը զարգանում են, դուք չեք կարող բոլոր կետերը փակել, որպեսզի դա ոչ մի խնդիր ընդհանրապես չառաջացնի, որպեսզի նոր սկսեք ձեր ռեֆորմն իրականացնել: Մենք զուգահեռ տարել ենք եւ իրավական ակտերը եւ լուծումները, օրինակ էլեկտրոնային ստորագրությունների մասով փաթեթն ամբողջությամբ պատրաստ էր, եւ մենք միանշանակ դա արեցինք, հիմա սա որոշակի խնդիր է, որը, ես կարծում եմ, շատ արագ կհարթվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG