Մատչելիության հղումներ

«Ընդդիմությունը պիտի թույլ չտա, որ իշխանության ներկայացուցիչը դառնա քաղաքապետ»


Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյան
Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյան
Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադեւոսյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, չի բացառում, որ ընդդիմադիր ուժերը միավորվեն ավագանու ընտրություններից հետո:

«Մեր խնդիրը մինչեւ ընտրությունների օրը ավելի մեծ թվով ձայներ հավաքելն է եւ իշխանության թեկնածուին թույլ չտալ, որպեսզի նա դառնա քաղաքապետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թադեւոսյանը:

ՀԱԿ-ի ցուցակը, որը վաղը ներկայացվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, գլխավորում է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, հիշեցնենք, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Եթե Հանրապետականը չկարողանա իր ընտրակեղծիքներով ապահովել 40 տոկոսանոցը արդյունքը, մենք կարող ենք կազմել կոալիցիա եւ ընտրել Երեւանի նոր քաղաքապետին, որը կլինի ընդդիմության ներկայացուցիչ»:

Հարցին, թե ընդդիմադիր գործիչներից ում անունն է քննարկվում որպես քաղաքապետի հավանական թեկնածու, Զոյա Թադեւոսյանն արձագանքեց. - «Այդ պարագայում արդեն կգնա այն թեկնածուն, ով ամենամեծ ձայները կհավաքի կուսակցությունների մակարդակով»:

Նրա համոզմամբ, ավագանու ընտրություններում, ի տարբերություն նախագահականի, ընտրակեղծիքների դեմ պայքարելու հնարավորություններն ավելի մեծ են. - «Այս [ընդդիմադիր] ուժերը բոլորը ներկայացված են լինելու, համագործակցությունը կլինի ընտրակեղծիքների դեմ պայքարը, եւ եթե յուրաքանչյուր տեղամասում չորս քաղաքական ուժերի [«Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ] ներկայացուցիչները հանձնաժողովի անդամների մակարդակով, վստահված անձանց մակարդակով կարողանան ամուր տանդեմ ձեւավորել, ես կարծում եմ, որ ընտրակեղծիքները հնարավորինս կբացառվեն»:

Կոնգրեսի ներկայացուցիչը, այդուհանդերձ, կարծում է, որ իշխանություններն արդեն իսկ այնպիսի քայլեր են ձեռնարկում, որ կապ չունեն ազնիվ ու արդար ընտրությունների հետ. - «Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ավան վարչական շրջանի ղեկավարը հրավիրում է այդ [ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր] անդամներին իր կաբինետ եւ զրույցներ ունենում` երբեմն ահաբեկելով, երբեմն համոզելով, երբեմն համագործակցության առաջարկ անելով: Եվ նրա միակ հորդորն այն է, որ պետք է Ավանում ՀԱԿ-ը քարոզչություն չանի, որովհետեւ Ավանը ամբողջովին պարտավոր է քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին: Ես կարծում եմ, որ սա ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Դա վարչական ռեսուրսների կիրառման արդեն նախնական փուլ է»:

Հիշեցնենք, ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ինը` Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ինը` Արմեն Երիցյանը, ՀՀԿ-ինը` Տարոն Մարգարյանը: Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում իր ցուցակը «Ժառանգություն»-ը կհրապարակի վաղը:
XS
SM
MD
LG