Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն հաստատեց Երեւանի ընտրություններում իր ցուցակի առաջին երեք տեղերը


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը, որին կհաջորդեն Սմբատ Լպուտյանը եւ Հովհաննես Թոքմաջյանը։

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում մասնակցության ամբողջական հաստատված ցուցակ առայժմ չունի, կուսակցության գործադիր մարմնի նիստում հաստատվել են ցուցակի առաջին երեք տեղերը միայն: Ամբողջական ցուցակը պատրաստ կլինի առաջիկայում, նիստից հետո` հինգշաբթի երեկոյան լրագրողներին ասաց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա հայտարարեց առաջին երեք տեղերը զբաղեցնողների անունները: Ըստ այդմ, ցուցակը կգլխավորի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այնուհետեւ շախմատի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, իսկ երրորդ տեղում է ճարտարապետ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Առաջին երեք տեղերը չեն վերանայվի, ընդգծեց Շարմազանովը:

Հանրապետականի խոսնակը կատարյալ անհեթեթություն համարեց մամուլում տարածված այն լուրերը, թե կուսակցության փոխնախագահ, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ է, որ Տարոն Մարգարյանը գլխավորի ավագանու ցուցակը։

«Մեր կուսակցության գործադիր մարմինը ամբողջությամբ կողմ է քվեարկել եւ արտահայտվել եւ միասնական աշխատելու է, որպեսզի Տարոն Մարգարյանի գլխավորությամբ մեր թիմը հասնի հաջողության։ Եվ բոլոր այն հերյուրանքները, անհեթեթ բամբասանքները, որ իբր թե մեր կուսակցության այս կամ այն գործիչը դեմ է արտահայտվել, կամ չի ցանկանում, դրանք ծիծաղելի եւ զավեշտալի լուրեր են», – հավելեց նա։

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) առաջարկում է, որպեսզի չորս քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները միասին հանդես գան Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում։ «Բացառիկ մի հնարավորություն է այս չորս քաղաքական ուժերի համար` համախմբելով ռեսուրսները եւ համակարգելով ջանքերը, հասնել շատ կարեւոր հաղթանակի ռեժիմի նկատմամբ, ինչը ճանապարհ կբացի նաեւ հետագայում իշխանափոխության համար», - օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան անդրադառնալով ՀԱԿ-ի հիշյալ առաջարկին` Շարմազանովը ասաց, որ Հանրապետական կուսակցությունը կողմ է քաղաքական մրցակցությանը։

«Առաջին անգամ չէ, որ մեծ մասը միավորվում են Հանրապետականի դեմ, բայց Հանրապետականը կողմ է քաղաքական մրցակցությանը, եւ վտանգները քաղաքական կատեգորիա չեն, եւ մենք ազատ, արդար մրցապայքարի կողմնակիցն ենք», - հայտարարեց ՀՀԿ-ի խոսնակը` հավելելով. - «Դա իրենց ներքին խնդիրն է` ով ում հետ կմիավորվի, մենք երբեք որեւէ մեկի դեմ չենք միավորվում, մենք այս ընտրություններին, ինչպես բոլոր ընտրություններին, գնալու ենք հանուն գաղափարի, որպեսզի ավելի լավ քաղաք ունենանք մի քանի տարի անց»։

Կմիանան թե չեն միանա` դա իրենց խնդիրն է, ընդդիմության հնարավոր միավորման մասին ասում է Շարմազանովը: Նրա խոսքերով` Հանրապետականի խնդիրը այն չէ, որ ամեն գնով հաղթանակի հասնի։ ՀՀԿ-ի խոսնակը համոզված է, որ ընդդիմությունը թեկուզ միավորման դեպքում չի կարող ավագանու ընտրություններին Հանրապետականից առավել ձայներ ստանալ:

«Հանրապետական կուսակցությունը ունի բոլոր շանսերը` գործող քաղաքապետի գլխավորությամբ հասնել հաջողության։ Հարգանքով ենք վերաբերվում բոլոր քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին, բայց մենք գտնում ենք, որ ժողովրդավարությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, եւ այդ ազատ, արդար, բաց մրցակցության մեջ մենք ունենք բոլոր շանսերը` հավակնելու մեր մայրաքաղաքի բնակչության վստահության քվեին», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով վերջին նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, ՀՀԿ խոսնակը կարծիք հայտնեց, որ ընդդիմությունը չունի ռազմավարություն եւ նրա անդամները հակասական մոտեցումներ ունեն նույն հարցի շուրջ: Հիշեցնենք՝ Հանրապետականը երկու առաջարկ էր արել ընդդիմադիր «Ժառանգությանը»` միասնական օրակարգով արտահերթ նիստ գումարելու եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Առաջինը ձախողվել է օրակարգի շուրջ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով, երկրորդի մասով էլ ընդդիմադիրները կասկածներ ունեն։

Անկախ անցկացվող հանրահավաքներից, եւ ընդհանրապես ընդդիմության պահանջներից, իշխող Հանրապետականում հավատացած են, որ հասարակության մեծ մասը իրենց է վստահում ու իր խնդիրների լուծումը կապում է Սերժ Սարգսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG