Մատչելիության հղումներ

ԵՄ գլխավոր բանակցող. Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիը կարող է ընդունվել 2014-ին


ԵՄ գլխավոր բանակցող Գունար Վիգանդ, Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյան
ԵՄ գլխավոր բանակցող Գունար Վիգանդ, Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյան
Այսօր ավարտվեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 12-րդ փուլը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի խոսքով` ավարտվել են բանակցությունների հիմնական` բովանդակային փուլերը եւ հիմա կողմերն անցնում են ընթացակարգային փուլին, որը կտեւի մի քանի ամիս:

«Բանակցություններն ունեն իրենց տրամաբանությունը, մենք դեռեւս որոշ բաներ կունենանք անելու, բայց սկզբունքորեն մենք հասել ենք այն պահին, որ բոլոր գլուխները համաձայնեցված են, բանակցված են, պայմանավորված են, եւ բանակցային տրամաբանությունից ելնելով` մենք դեռեւս որոշ աշխատանք ունենք անելու, բայց ես կարծում եմ` մենք բավական մոտ ենք ասելու, որ որեւէ լրացուցիչ ռաունդի կարիք չենք ունենա արդեն», - ասաց Մնացականյանը:

Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդն ասում է` սա եվրոպական կողմի համար բանակցությունների քաղաքական փուլի ավարտն է: Հայաստանը հույս ունի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը մինչեւ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը:

Եվրոպացի պաշտոնյային հարցրինք` արդյոք իր կարծիքով Հայաստանն ունի՞ բավականաչափ ադմինիստրատիվ եւ ինստիտուցիոնալ հնարավորություններ` կատարելու իր առջեւ դրած պարտականությունները:

«Առանց կասկածի սա ամբիցիոզ նախաձեռնություն է: Այն ներկայացնում է կառավարության կամքն ու նաեւ Ազգային ժողովի շատ կուսակցությունների քաղաքական կամքը` այս երկրում հասարակական եւ տնտեսական բարեփոխումներ տեսնելու եւ ԵՄ-ին մոտենալու հարցում: Այս նախաձեռնությունը պահանջում է ոչ միայն բանիմաց եւ պրոֆեսիոնալ ադմինիստրացիա, այլեւ իշխանություններ, որոնք անհրաժեշտ գործողություններ կկատարեն: Մեր գործընկերները լիովին տեղյակ են այս ամենից: Մենք մտել ենք մի կարեւոր փուլ, երբ պետք է կատարվեն անհրաժեշտ բոլոր տեխնիկական, օրենսդրական, չափանիշային բարեփոխումները: Այս ամենը հսկայական ջանքեր է պահանջում: Երկու կողմերն էլ, կարծում եմ, ավելորդ պատրանքներ չունեն այս հարցով եւ ճիշտ քանակով ժամանակ, էներգիա եւ ներդրումներ ենք կատարում: Մենք խոստացել ենք իրականացնել այս ամենը միասին, եւ ես վստահ եմ, որ մեր խոստումը հնարավոր է իրագործել», - ասաց Վիգանդը:

Հայկական կողմը մեծ ցանկություն ունի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները նույնպես ավարտին հասցնել մինչ տարեվերջ: Վիգանդն ասում է` դա միգուցե հնարավոր է, սակայն չափանիշները պետք է համապատասխանեցվեն եվրոպականին, տնտեսությունը պետք է արդիականացվի եւ բիզնես միջավայրը Հայաստանում պետք է բարելավվի: Բավականին ջանքեր կպահանջվեն նաեւ եվրոպական բարեփոխումները գործարարներին եւ հասարակ սպառողներին բացատրելու եւ ներկայացնելու համար:

«Սա աբստրակտ ու հեռավոր մի փաստաթուղթ չէ: Եթե ամեն ինչ ընթանա, ինչպես մինչ այժմ է ընթացել ու ինչպես մենք ծրագրում ենք, համաձայնագիրը կարող է նախնական պատրաստ լինել այս տարվա վերջին` մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը, ստորագրվել մյուս տարեսկզբին եւ պայմանականորեն որոշ կետերով ընդունվել մյուս տարվա ընթացքում: Այսինքն մենք ինչ-որ հեռավոր բանի մասին չենք խոսում, մենք խոսում ենք այնպիսի բանի մասին, որն առաջիկայում իրականություն կդառնա իր տնտեսական մասով», - ասաց Վիգանդը:

Արեւելյան գործընկերության վեց երկրների ցուցակում, ըստ Գունար Վիգանդի, առաջատար դիրքերում է Ուկրաինան, որի հետ բանակցություններն արդեն մի քանի տարի ընթանում են եւ բանակցային գործընթացն ու համաձայնագրի տեքստը ամբողջությամբ պատրաստ են: Հայաստանը նույն հարթության վրա է Մոլդովայի եւ Վրաստանի հետ:

«Մենք զուգահեռաբար քննարկում ենք այս համաձայնագրերը Մոլդովայի եւ Վրաստանի հետ: Այս երկրների առաջխաղացման տարբերությունը մի քանի շաբաթ է կազմում, բայց նպատակը նույնն է` ավարտել բանակցային գործընթացը, այդ թվում` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները, մինչեւ նոյեմբեր», - նշեց ԵՄ պաշտոնյան:

Երեկ երեկոյան Գունար Վիգանդը հանդիպել է փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այսօր Վիգանդը հանդիպում է ԱԺ-ի մի շարք պաշտոնյաների հետ` քննարկելու անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG