Մատչելիության հղումներ

Սեդրակյանի խափանման միջոցը չփոխվեց. նա կմնա կալանավորված


Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան
Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան
Հայաստանի վերաքննիչ դատարանը մերժեց նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի դիմումն ընդդեմ ընդհանուր իրավասության դատարանի որոշման, որով թեկնածուն երկամսյա կալանքի էր ենթարկվել:

Սեդրակյանն ու նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը այդ որոշումը համարում են անօրինական:

Նախագահի նախկին թեկնածուն մեղադրվում է նախագահական ընտրություններում իր մրցակցի` Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու մեջ: Սեդրակյանը, ով մարտի 5-ից կալանքի տակ է, պահվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան:

Դռնփակ դատական նիստից հետո Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մերժման հիմնավորումները որոշման տեսքով իրենց կներկայացվեն առաջիկա օրերին: Մոտ մեկ ժամ տեւած դատական նիստին Սեդրակյանը չէր մասնակցում. նրա մասնակցությունը պարտադիր չէ:

Նիստի ընթացքում, ինչպես նշում է փաստաբանը, Ազգային Անվտանգության ծառայությունն ու դատախազությունը ներկայացրել են այս հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները, այն է` Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածը այս պարագայում վերաբերում է Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկած նախագահի արդեն նախկին երկու թեկնածուներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Անդրիաս Ղուկասյանին, եւ որ Սեդրակյանին իրավունք ունեին կալանավորել:

Փաստաբանն ավելի վաղ կանխատեսել էր, որ իրենց կներկայացվի նման պատճառաբանություն. - «Ասել եմ` ես որպես նախկին չինովնիկ, այդ 87 հոդվածի դեմ կարող եմ բերել երկու հակափաստարկ. առաջին, որ նախագահի թեկնածու են հանդիսանում Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը, եւ երկրորդ` գուցե եւ մարտի 5-ին Վարդան Սեդրակյանը թեկնածու էր, այսօր արդեն թեկնածու չէ: Բայց եթե մենք օրենքը պետք է մեկնաբանենք, այսինքն ասենք մի տառ ավելի, քան օրենքում է գրած, ասենք` «օրինակ, ես գտնում եմ, որ…», հենց ասացիր` դա, օրենքը պետք է մեկնաբանես հօգուտ մարդու»:

Ընտրական օրենսգրքի 87- հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հայաստանի նախագահի թեկնածուն իր կարգավիճակը պահպանում է մինչեւ նախագահ ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Ինչպես Սեդրակյանն, այնպես էլ Սիրունյանը հիմնվելով այս հոդվածի վրա՝ բազմիցս են հայտարարել, որ մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը նախագահի եւ ոչ մի թեկնածուի առանց Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի համաձայնության իրավապահները չէին կարող ձերբակալել կամ կալանավորել:
Նման համաձայնություն ԿԸՀ-ն չի տվել, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է մարտի 14-ին, իսկ մինչ այդ՝ մարտի 5-ին արդեն Սեդրակյանը կալանավորվել էր:

«Ոնց ուզում ես չափի, Րաֆֆի Հովհաննիսյան կամ Անդրիաս Ղուկասյան չկա այդ հոդվածի մեջ, գրված է` նախագահի թեկնածու», - շեշտեց Սիրունյանը:

Սեդրակյանի փաստաբանը համոզված է, որ անցած շաբաթ քննիչի կողմից իրենց տրամադրված մեղադրանքի հիմքերը բավարար չեն, որ Սեդրակյանը պահվի կալանքի տակ: Նախագահի նախկին թեկնածուն շարունակում է հայտարարել, որ ինքն անմեղ է ու առնչություն չունի իր մրցակցի՝ Հայրիկյանի մահափորձին:

Փաստաբանը դեռեւս չի ստացել Սեդրակյանի համաձայնությունը Վերաքննիչ դատարանի մերժումը բողոքարկելու համար, բայց կարծում է, որ բողոքարկելու հիմքեր կան:
XS
SM
MD
LG