Մատչելիության հղումներ

Էպոսագետը Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ցուցմունք է տվել


Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը, ով մեղադրվում է նախագահական ընտրություններում իր մրցակցի՝ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու համար, ցուցմունք է տվել, որում կրկին պնդել է, որ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ ու ակնկալում է, որ գործի քննության արդյունքում կպարզաբանվեն բոլոր հարցերը:

Սեդրակյանը մարտի 5-ից գտնվում է երկամսյա կալանքի տակ եւ պահվում է Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան:

Նախագահի նախկին թեկնածուի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ասաց, որ Սեդրակյանին առաջադրված մեղադրանքի հիմքում չկա որեւէ վկայի ցուցմունք եւ նախաքննական մարմինը մեղադրանքի հիմքում ներառել է բազմաթիվ փաստարկներ, որոնք անուղղակիորեն Սեդրակյանին կապում են այս գործի հետ:

«Այն, որ գործը լրիվ դատարկ չէ, հիմքեր կան, այդ թվում Վարդան Սեդրակյանի կապը այն հայտնի երկու անձանց հետ», - մասնավորապես ասաց փաստաբանը։

Սեդրակյանը Հայրիկյանի մահափորձից հետո, հայտարարել էր, թե ընտրություններից հետո իրեն կձերբակալեն, քանի որ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձինք` Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը իրեն ծանոթ են: Մեկը նրա հարեւանն է, ով Սեդրակյանի տունն է նորոգել, մյուսն էլ որպես տաքսու վարորդ սպասարկել է նորոգողներին։ Էպոսագետն ասել էր, թե ձերբակալվածները բավական խոցելի եւ կառավարելի մարդիկ են՝ մեկը թմրամոլ է, մյուսի եղբայրը բանտում է, եւ նրանց վրա հեշտ է ազդել ու ցանկացած ցուցմունք վերցնել:

Նախագահի նախկին թեկնածուն ու նրա պաշտպանը հույս ունեն, որ գործի օբյեկտիվ քննության արդյունքում Սեդրակայնը ազատության մեջ կհայտնվի: Փաստաբանն առայժմ գոհ է գործի քննությունից:

Սեդրակյանը մեղադրվում է մեղադրվում է Քրեական օրենսգրքի՝ 34-305-րդ հոդվածի հատկանիշներով: Եթե ապացուցվի նրա մեղքը, ապա նախագահի նախկին թեկնածուին կսպառնա 10-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ պատիժ:
XS
SM
MD
LG