Մատչելիության հղումներ

Նախագահի նախկին թեկնածուն կալանավորվել է


Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան, արխիվ
Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյան, արխիվ

Որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը կալանավորվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առնչությամբ:

Ազգային անվտանգության ծառայության միջնորդությամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել փետրվարի 18-ին կայացած ընտրություններում նախագահի թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին:

Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ «պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ»:

Փաստաբանը, ով նոր է ներգրավվել գործում, ասում է, որ հանդիպել է Սեդրակյանի հետ:

«Ինքը ասում է որ դա աբսուրդ է, չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, որվհետև նման բան չի եղել», - մեզ հետ զրույցում հայտարարեց Սիրունյանը:

Նախագահի նախկին թեկնածուն այս պահին գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Սեդրակյանը հրաժարվում է ցուցմունք տալ, քանի որ, ինչպես փաստաբանն է ասում, առայժմ իրենց հայտնի չեն այն հիմքերը, որով Սեդրակյանին մեղադրում են։

Հիշեցնենք, որպես էպոսագետ ներկայացող թեկնածու Վարդան Սեդրակյանը ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո իրեն ձերբակալելու են նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի առնչությամբ: Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորված երկու անձինք Սեդրակյանի ծանոթներն են, եւ կալանավորվածների մերձավորները մամուլի հետ զրույցներում հայտարարել են, որ Սեդրակյանը կապ ունեցել է այդ դեպքի հետ:

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, արխիվ
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին, արխիվ
«Ես այդ մարդուն չեմ ճանաչել երբեք, եթե ինքը էդ գործերին խառն է, ուրեմն խառն է որպես միջնորդ, որովհետեւ երբեք իր հետ որեւէ առնչություն չեմ ունեցել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սեդրակյանի կալանավորման մասին լուրը մեկնաբանեց Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, - «Քանի քննություն է ընթանում եւ պատվիրված մահափորձ էր, ես ամեն բան, ամեն զարգացում հնարավոր եմ համարում, մանավանդ գիտեմ, որ պատվիրատուները կարող են լինել կրկնակի, եռակի, քառակի քողարկված»:
XS
SM
MD
LG