Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է Վեստերվելեին


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Երեկ Բեռլինում կայացել է Հայաստանի եւ Գերմանիայի արտգործ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Գիդո Վեստերվելեի հանդիպումը:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան իր այցելությունը եւ սպասում է նորից այցելելու հնարավորությանը: Վեստերվելեն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ եւ ընդգծել, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր հայ - գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին տարիներին նոր թափ են ստացել՝ ամրապնդվել եւ ընդլայնվել։ Նա վստահություն է հայտնել, որ համատեղ հետեւողական ջանքերի շնորհիվ դրանք առավել կխորանան:

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ Գերմանիան Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկն է, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին:

«Հայաստանը գերմանական զորախմբի հետ է խաղաղապահ գործունեություն իրականացնում Աֆղանստանում, եւ այդ ձեւաչափով համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձ են կատարել Կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանն առնչվող հարցերին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը:

Նախարարները պայմանավորվել են շարունակել պարբերական հանդիպումները՝ թե՛ փոխայցելությունների, թե՛ բազմակողմ համաժողովների շրջանակներում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին։

Ավարտելով այցելությունը Գերմանիա՝ Հայաստանի արտգործնախարարը ուղեւորվել է Աթենք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG