Մատչելիության հղումներ

Վեսթերվելլե. Հարկ է փնտրել հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակ


Գերմանիայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Գիդո Վեսթերվելլեն եւ Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած ասուլիսում, 16 մարտի, 2012
Գերմանիայի եւ Հայաստանի արտգործնախարարներ Գիդո Վեսթերվելլեն եւ Էդվարդ Նալբանդյանը Երեւանում կայացած ասուլիսում, 16 մարտի, 2012
«Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ստատուս քվոն մեր տեսակետից չի կարող լինել տեւական, իսկ խնդրի խաղաղ լուծումից ակնկալվող օգուտները մեծ կլինեն բոլոր կողմերի՝ հատկապես Հայաստանի համար: Ուստի հարկ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում փնտրվի հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակ» , - ուրբաթ օրը Երեւանում հայտարարեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Ըստ Վերսթերվելլի՝ Գերմանիայի կառավարությունը կողմնակից է ղարաբաղյան հակամարտությունը տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքերի միջեւ հավասարակշռություն գտնելու միջոցով կարգավորմանը:

Պատասխանելով ասուլիսին ներկա գերմանացի լրագրողներից մեկի հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հակամարտության բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ինչպես Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպմանը, այնպես էլ նախընթաց բազմաթիվ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտվել են:

«Սոչիում պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը ամեն ինչ արեց, որ այդպիսի մեխանիզմ չստեղծվի: Համապատասխան առաջարկներ ներկայացվել են եռանախագահների կողմից դեռ 2011 թվականին ապրիլին, եւ Հայաստանը դրանց տվել էր իր պատասխանը: Երկրորդ անգամ եռանախագահների առաջարկով Հայաստանը եւս մեկ անգամ դրական պատասխան տվեց անցյալ տարվա հոկտեմբեր ամսին: Ադրբեջանը մինչ այսօր այդպիսի պատասխան չի տվել եւ դեկտեմբեր ամսին, երբ քննարկվում էր ԵԱՀԿ-ի ընդհանուր բյուջեն, անգամ սպառնաց, որ կօտագործեն վետո բյուջեի վրա, եթե որեւէ մի հատկացում կատարվի այդ մեխանիզմի ստեղծման համար: Սա օրինակներից մեկն է, թե ինչու առաջընթաց չենք կարողանում արձանագրել, որովհետեւ պայմանավորվում ենք մեկ բան, բայց Ադրբեջանը հետո ետ է կանգնում», - ասաց Նալբանդյանը:

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ իր երկիրն աջակցում է նաեւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ինչը բխում է երկու կողմերի շահերից եւ պետք է իրականացվի քայլ առ քայլ:

Գիդո Վեսթերվելլեն լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է տարածաշրջանային այլ խնդիրներ, այդ թվում իրավիճակը Սիրիայում:

«Մենք երկուսս էլ այն կարծիքին ենք, որ բռնություններն այնտեղ պետք է դադարեն, եւ դա մեզ համար կարեւոր է», - ասաց Գերմանիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ զրուցել են նաեւ Իրանի շուրջ ծավալվող զարգացումների մասին. - «Գերմանիայի կառավարությունը համոզված է, որ Իրանի նկատմամբ գործադրվող միջազգային պատժամիջոցներն անհրաժեշտ են այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրն իր միջուկային ծարգրի շուրջ չի սկսել համագործակցել միջազգային հանրության հետ», - ասաց նա:

Երկու արտգործնախարարներն անդրադարձան նաեւ Հայաստան-Գերմանիա համագործակցությանը: Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ այս տարի երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, եւ այս ընթացքում կարեւոր քայլեր են արվել տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, ամրապնդելու ուղղությամբ. երկու երկրների միջեւ ընթանում է բավական բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, զարգանում են տնտեսական հարաբերությունները:

«Այսօր մենք ունենք մոտ 400 միլիոն առեւտրական փոխանակում, բայց կարծում եմ, որ մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են, համատեղ ջանքերով մենք կարող ենք անել ավելին: Շնորհակալ ենք Գերմանիային այն աջակցության համար, որ ցուցաբերվել է անկախությունից հետո մինչ այսօր տեխնիկական աջակցության համար՝ ուղղված Հայաստանի զարգացմանը», - ասաց Նալբանդյանը:

Գիդո Վեսթերվելլեն իր հերթին նշեց, թե Հայաստանում իրենք տեսնում են տեւական տնտեսական զարգացում, միեւնույն ժամանակ աջակցում են Հայաստանի՝ իբրեւ իրավական պետության զարգացմանը, քանի որ դա հնարավորություն կտա մեծացնել ներդրումների ծավալը եւ ընդլայնել տնտեսությունը:

«Գերմանիան Հայաստանին աջակցում է նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցում, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում», - հայտարարեց Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG