Մատչելիության հղումներ

Լիտվայի Սեյմասում պաշտոնականացվեց Ղարաբաղի հետ բարեկամության խումբը


Լիտվայի Սեյմասի շենքը
Լիտվայի Սեյմասի շենքը
Երեկ Լիտվայի խորհրդարանի` Սեյմասի նիստի ժամանակ պաշտոնապես հայտարարվել է Լիտվայի Հանրապետություն - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բարեկամության խմբի ստեղծման մասին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստը վարող փոխխոսնակ Վիտաուտաս Գապշիսը, որն ընթերցել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, հրավիրել է լիտվացի խորհրդարանականներին միանալ նշված նախաձեռնությանը եւ հայտարարել է խմբի առաջին նիստի մասին:

Ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հայտարարել է, որ նման խմբի ստեղծումը հակասում է Սեյմասի կանոնադրությանը եւ վնասում երկրի արտաքին քաղաքականությանը: Փոխխոսնակը, ընդհատելով Աժուբալիսին, ասել է, որ Սեյմասի կանոնադրության որեւէ խախտում չի եղել:

Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն Աժուբալիսի հայտարարությանը հակադարձել է, որ Լիտվան ժողովրդավարական երկիր է եւ չի ընկրկում տարբեր տեսակի անբնական ճնշումների դիմաց։ Հիշեցնելով Աժուբալիսին, որ իր իսկ կուսակիցները ժամանակին նախաձեռնել եւ անդամակցել են Տիբեթի, Թայվանի, Իչկերիայի հետ բարեկամության խմբերին, Միկուտիենեն տարակուսանք է հայտնել, որ նախկին արտգործնախարարի կողմից որեւէ դիմադրություն նման նախաձեռնություններին չէր նկատվել:

Նիստի ավարտին ելույթ է ունեցել պատգամավոր Դալիա Կուոդիտեն, որը ընտրվել է Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) բարեկամության խմբի նախագահ: Տիկին Կուոդիտեն հայտարարել է, որ Սեյմասում փետրվարի 26-ին կայացած «Լիտվա - Հայաստան. hայացք դեպի ոչ վաղ անցյալ» գիտաժողովի տեսագրությունը կասկածելիորեն անհետացել է, ինչը նա որակել է «պետական գրաքննություն», ինչպես նաեւ, հաշվի առնելով անցած ժամանակաշրջանում բարձրացված «հիստերիան», մեկ անգամ եւս ընթերցել է խմբի ստեղծման վերաբերյալ Հռչակագիրը:

Երեկ Ղարաբաղի հետ բարեկամության խումբը համալրվել է եւս 3 պատգամավորներով: Այդպիսով, ներկայումս խումբը ընդգրկում է 12 պատգամավորների, որոնցից 10-ը ներկայացնում են քաղաքական 5 խմբակցություններ, 2-ը անկախ պատգամավորներ են: Խմբում ընդգրկված է նաեւ Սեյմասի փոխխոսնակ Կյաստաս Կոմսկիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG