Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան. «Ադրբեջանը շահարկում է Խոջալուն»


Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը իր հավատարմագրերն է հանձնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, արխիվ
Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը իր հավատարմագրերն է հանձնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, արխիվ
«Դժբախտաբար, վերջերս Ադրբեջանը շահարկում է Խոջալուի դեպքերը` ուժգնացնելու համար իր հակահայկական քարոզչությունը ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ դրա շրջանակից դուրս», - ասված է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի` կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին հղած նամակում, որը մարտի 8-ին տարածվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ։

Հղում կատարելով «Ադրբեջանա - ամերիկյան դաշինք» կազմակերպության կողմից Նյու Յորքի որոշ վայրերում փակցված «Խոջալուի ցեղասպանություն. Մարդկային ողբերգություն Ադրբեջանում. օգնիր ադրբեջանցիներին ու հայերին հասնելու խաղաղության» խորագրով կոմերցիոն գովազդային վահանակներին` դեսպանը նշել է. - «Քաղաքի, ուր գտնվում են ՄԱԿ-ի կենտրոնակայանն ու ամենամեծ թվով անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները, հասարակական կյանքում այս անթույլատրելի միջամտությունից զատ, խորապես մտահոգիչ է փաստերի աղավաղումն ու էթնիկ նախապաշարմունք պարունակող այսպես կոչված «հասարակությանը տեղեկացնելու» այս քարոզարշավը, որն իրականացնում է Ադրբեջանի կառավարությունն իր PR գործակալի միջոցով: Այս սարսափելի նախաձեռնությունը, որը ֆինանսավորում է Ադրբեջանը, ծնում է քսենոֆոբիա եւ ատելություն ու վտանգում ազգերի ձգտումը հաստատելու հարատեւ խաղաղություն` հիմնված ճշմարտության եւ արդարության վրա: Ադրբեջանը մշտապես աղավաղում է 1992 թվականի Խոջալուի դեպքերի իսկությունը, որոնք համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների ու ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարների` ներառյալ այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի վկայակոչումների, կազմակերպվել էին Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմության կողմից` այդ ժամանակաշրջանի ադրբեջանական ղեկավարությունից ձերբազատվելու համար»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նազարյանը հավելել է, որ «դիմելով նման քայլերի` Ադրբեջանը փորձում է թաքցնել իր հանցագործությունները, խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմականացնելու պատասխանատվությունից»: «Եվ եթե Ադրբեջանն իրապես ցանկանում է օգնել ադրբեջանցիներին ու հայերին հասնել խաղաղության եւ հակամարտության կարգավորման, «հասարակությանը տեղեկացնելու» այս անհիմն ու սադրիչ քարոզարշավի փոխարեն ջանքերն ու միջոցները պետք է ուղղի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ վարվող բանակցություններում կառուցողական մասնակցություն ունենալու համար», - ասված է Բան Կի-մունին Կարեն Նազարյանի հղած նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG