Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գնահատող խումբը այցելել է Հայաստան


Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում երկրի պաշտպանության նախարարության հանձնառությունների ընթացքը գնահատելու նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ը Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի գնահատող խումբը:

Փետրվարի 25-ին խմբի անդամները այցելել են պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադ, որտեղ նրանց ներկայացվել է բրիգադի գործունեության վերաբերյալ զեկույց` անդրադարձ կատարելով խաղաղության աջակցության միջազգային գործողություններին զորամիավորման ստորաբաժանումների մասնակցությանը, բրիգադի կարողությունների զարգացման եւ գործունակության ամրապնդման ընթացքին:

Փետրվարի 26-27-ը գնահատող խումբը հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ` միտված Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման շուրջ քննարկումներին:

Փետրվարի 28-ին ՆԱՏՕ-ի գնահատող խմբի ղեկավար Գի Ժերբոյին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի փորձագետը զեկուցել է գնահատման այցի արդյունքների մասին: Օհանյանը, իր հերթին, կարեւորելով Ժերբոյի բազմամյա ներդրումը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտանական գերատեսչության գործունակության ամրապնդման հարցում, վերջինիս պարգեւատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով:

Գնահատող խմբի այցի արդյունքներն ամփոփվել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նախանշվել են նաեւ Հայաստանի հանձնառությունների կատարման շուրջ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության հետագա ուղիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG