Մատչելիության հղումներ

Վիեննայում հանդիպել են Հայաստանի եւ Ավստրիայի ԱԳ նախարարները


Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Երեկ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վիեննա, որտեղ նույն օրը կայացել են նրա բանակցությունները Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցության սերտացման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ, մտքեր փոխանակել միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչը նշանավորվել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցելությամբ Հայաստան։

Նախարարները անդրադարձել են Ավստրիայի նախագահի Հայաստան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին։

Քննարկվել են նաեւ Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը, Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացները։

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Երեկոյան Նալբանդյանը «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով ելույթ է ունեցել միջազգային հարաբերությունների բնագավառում Եվրոպայի ամենահին կրթօջախներից մեկում` Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում։

Ելույթից առաջ տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Հանս Վինկելի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են Ավստրիայի դիվանագիտական կրթօջախի եւ Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցի միջեւ համագործակցության ընդլայնման հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG