Մատչելիության հղումներ

ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի ԱԺ քառօրյային


ՀԱԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
ՀԱԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցությունը այսօր հայտարարել է, որ չի մասնակցի խորհրդարանի քառօրյա նիստին։

«Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը։ Հայտարարված արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա նոր մի անպատվություն էր Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների եւ արժանապատվության ոտնահարում», - ասված է ընդդիմադիր խմբակցության հայտարարությունում։

«Ինչպես եւ բնական ու սպասելի էր, դրա հասարակական հակազդեցությունը պիտի լիներ համաժողովրդական բողոքի նոր ալիքի բարձրացումը, ինչպես նույն պատճառով դա տեղի էր ունեցել 2003-ի, 2008-ի նույն կերպ կեղծված նախագահական ընտրություններում։ Ահա մի շաբաթից ավելի, բողոքի այդ շարժումը տարածվել է ողջ հանրապետությունով մեկ, եւ իշխանության կողմից չի նկատվում դրա նկատմամբ ըմբռնողական մոտեցման որեւէ նշույլ», - հայտարարում է ՀԱԿ խմբակցությունը` շարունակելով. - «Ժողովուրդն այսօր ունի միայն մեկ օրակարգ՝ վերականգնել Սահմանադրական կարգը երկրում եւ թույլ չտալ ժողովրդի քվեի եւ իշխանության հերթական յուրացումը ռեժիմի կողմից»:

«Նման պայմաններում, նաեւ որպես զորակցություն իր իրավունքների համար ըմբոստացած ժողովրդին, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի այս քառօրյա նիստերին, որտեղ քննարկվում են այդ օրակարգի հետ որեւէ աղերս չունեցող հարցեր։ Միեւնույն ժամանակ, Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը կօգտագործի Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված ընթացակարգերը, մասնավորապես հայտարարությունների ժամը, Ազգային ժողով ամբիոնից մեր դիրքորոշումները հնչեցնելու նպատակով», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG