Մատչելիության հղումներ

Հարցազրույց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը այսօր «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հարցերին։

«Ազատություն»․ - Պարո՛ն Դեմիրճյան, Դուք հավանաբար հետեւում եք նախագահական ընտրությունների այս քարոզարշավին։ Կա՞ այնպիսի քաղաքական գործիչ կամ ծրագիր, որ Դուք նախընտրում եք մյուսներից։ Ընդհանրապես՝ Ձեր տպավորությունները այս քարոզարշավի մասին, քանի որ ինքներդ ժամանակին եղել եք նախագահի թեկնածու 2003 թվականին եւ երկրորդ փուլ անցաք այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Դեմիրճյան․ - Վերջից սկսեմ․ երկրորդ փուլ անցանք, որից հետո դիմեցինք Սահմանադրական դատարան եւ այնքան անհերքելի էին արգումենտները, որ Սահմանադրական դատարանը ստիպված որոշում կայացրեց վստահության հանրաքվե անցկացնելու մասին։ Իհարկե, թող տպավորություն չստեղծվի, որ մենք շատ գոհ էինք այդ որոշմամբ, ճիշտ որոշումը պետք է լիներ նոր ընտրությունների անցկացումը, որովհետեւ կեղծված ընտրություններ էին 2003 թվականի ընտրությունները, ինչպես նաեւ մի շարք այլ ընտրություններ․․․ առհասարակ, բացի առաջին նախագահի ընտրություններից եւ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից, մյուս ընտրությունները այս կամ այն չափով կեղծվել են։

Ինչ վերաբերում է այս ընտրություններին, ապա միանգամից կարելի է ասել, որ այն լարումը,այն թեժ պայքարը, որը մենք տեսնում էինք նախորդ ընտրությունների ժամանակ, նկատելի չէ։ Այսօր բնակչության ճնշող մեծամասնությունը չի հավատում, որ ընտրությունների միջոցով կարելի է որեւէ բան փոխել երկրում։ Այսինքն՝ 2003 թվականի կեղծված ընտրությունները կամ մյուս կեղծված ընտրությունները իրենց խորը հետքն են թողել, խորացրել են հասարակության բարոյալքումը, նպաստել են արտագաղթին։ Այնպես որ այդ պայքարը այս անգամ մենք չենք տեսնում։

Այս ապատիան հաղթահարելու համար անհրաժեշտ էր ձեւավորել հզոր ընդդիմադիր բեւեռ, ինչը, ցավոք, չստացվեց, եւ այստեղ, իհարկե, Դուք իրավունք ունեք քննադատելու նաեւ ընդդիմությանը։ Սա է պատկերը, եւ հենց այդ պատճառով էլ մենք որոշում կայացրեցինք չմասնակցելու։ Եվ մենք, բնականաբար, երջանիկ չենք այս որոշումից, սակայն մասնակցել մասնակցելու համար մեզ պետք չէ։

Կան թեկնածուներ, որոնց հետ մենք համագործակցելու ենք եւ որոնց ես հաջողություն եմ ցանկանում․․․

«Ազատություն»․ - Կոնկրետ անուններ կարո՞ղ եք ասել։

Դեմիրճյան․ - Կոնկրետ անուննե՞ր՝ Հրանտ Բագրատյանի հետ նույն ֆրակցիայում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցել եմ եւ ծրագրերի առումով կան շատ հարցեր, որտեղ մոտեցումները [մոտ են]։

«Ազատություն»․ - «100 քայլի» մասին ի՞նչ կասեք։

Դեմիրճյան․ - «100 քայլի» մասին կոնկրետ կարող եմ ասել, որ հիմնականում համահունչ է ՀԺԿ-ի մոտեցումներին եւ նաեւ ներառված են ՀԺԿ-ի առաջարկությունները այդ «100 քայլ» ծրագրում, քննարկվել է Հայ ազգային կոնգրեսում, ՀԺԿ-ի առաջարկություններն էլ են ներառվել եւ հիմնականում համահունչ է մեր մոտեցումներին։

Բայց մենք չենք մասնակցում ընտրություններին, սրանով ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը ոչ թե անձերի նկատմամբ, այլ մեր վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ։

Մեր որոշումը քննադատության չէր դիմանա, եթե երաշխավորված լիներ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, եթե պատժված լինեին նախորդ ընտրություններում կեղծիքներ եւ բռնարարքներ իրականացրած մարդիկ, եթե պատասխանատվության ենթարկված լինեին Մարտի 1-ի սպանդը իրականացնողները։

Այս ամենը տեղի չի ունեցել, այնպես որ այս որոշումը տրամաբանական է, բայց միեւնույն ժամանակ սրանով կյանքը չի ավարտվում, սա չի նշանակում, որ դադարեցվում է քաղաքական պայքարը։

«Ազատություն»․- Պարոն Դեմիրճյան, քիչ առաջ ասացիք, որ այդ «100 քայլը» փաստորեն ընդգրկում է նաեւ Ձեր կուսակցության որոշ ծրագրային դրույթներ, որ դա քննարկվել է նաեւ Ձեր կուսակցության կողմից եւ ժամանակին արժանացել է հավանության։ Հիմա եթե փաստորեն չեք մասնակցում ընտրություններին, սակայն եթե Ձեր կուսակցության անդամները ենթադրենք գնան եւ քվեարկեն Հրանտ Բագրատյանի օգտին, որեւէ արգելք կա՞։

Դեմիրճյան․ - Մենք սրանով ցույց ենք տալիս մեր վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ, բայց ինչ խոսք՝ մեր կուսակցականները ազատ են, մենք չենք արգելում եւ չենք էլ կարող արգելել, եթե նրանք ցանկանում են գնալ որեւէ թեկնածուի օգտին քվեարկել, կլինի դա Րաֆֆի Հովհաննիսյանը, կլինի դա Հրանտ Բագրատյանը, կլինեն կարծում եմ նաեւ, որոնք անվավեր կդարձնեն քվեաթերթիկները։

Բայց մեր որոշումը չմասնակցելն է։

«Ազատություն»․ - Հիմա խոսենք Հայաստանի ժողովրդական կուսակցության մասին։ Կուսակցությունը ստեղծել է Ձեր հայրը՝ Կարեն Դեմիրճյանը, եւ այն շատ մեծ թվով անդամներ ուներ սկզբնավորման պահին։ Ընդհանրապես, շատ մեծ ժողովրդականություն էր վայելում Ձեր հայրը եւ հզոր մի կուսակցություն ստեղծեց, եւ Դուք էլ հետո շարունակեցիք իր գործը, կարողացաք պահել այդ կուսակցությունը եւ մինչեւ այսօր ղեկավարում եք այն։ Կարո՞ղ եք ասել ինչ վիճակում է ՀԺԿ-ն այսօր՝ անդամների թվաքանակը եւ ընդհանրապես ակտիվությունը կուսակցության։

Դեմիրճյան․ - ՀԺԿ-ն ձեւավորվեց 1998 թվականի նախագահական ընտրություններից հետո եւ ձեւավորվեց, կարելի է ասել, ժողովրդի պահանջով։ Սա արհեստական ստեղծված կուսակցություն չէ․ մեր իրականության մեջ մենք տեսնում ենք նաեւ շատ արհեստական կուսակցություններ։

ՀԺԿ-ն զանգվածային կուսակցություն է, ունի տասնյակ հազարավոր անդամներ։ Իհարկե, այսօրվա ՀԺԿ-ն այսօր էլ զանգվածային է, բայց մենք չենք կարող համեմատել այսօրվա ՀԺԿ-ն 2003 կամ 1999 թվականի ՀԺԿ-ի հետ։ Ինչո՞ւ եմ ասում չենք կարող համեմատել, որովհետեւ այս արտագաղթը ազդել է նաեւ ՀԺԿ-ի վրա։ Առանց չափազանցնելու հազարավոր ՀԺԿ-ի անդամներ հիմա Հայաստանում չեն։

Կան նաեւ, իհարկե, տարբեր տեսակի դժվարություններ։ Առհասարակ՝ դժվար է Հայաստանում ընդդիմադիր կուսակցություն լինել։ Ֆինանսական խնդիրներ միշտ կան եւ այլն եւ այլն։

Բայց, այնուամենայնիվ, կուսակցությունը կա, ունի ներուժ, եւ մեր առաջնային խնդիրը հիմա լինելու է կուսակցության հետագա ամրապնդումը։

«Ազատություն»․ - Դուք ՀԱԿ-ի առանցքային անդամներից մեկն եք, եւ փաստորեն ՀԱԿ դաշինքը այսօր հայտարարում է, ըստ էության, կարելի է ասել ինքնալուծարման եւ նոր կուսակցություն ստեղծելու մասին։

Հիմա փաստորեն նրանք առաջարկում են նաեւ ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցություններին միանալ իրենց։ Դուք պատրա՞ստ եք միանալ։

Դեմիրճյան․ - Ես հարցին կարող եմ հարցով պատասխանել՝ իսկ ինչո՞ւ պետք է ՀԺԿ-ն միանա, տարրալուծվի այդ կուսակցության մեջ։ ՀԺԿ-ն մնում է ՀԺԿ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս ընտրությունների ժամանակ ասել է, որ նա եկել է շարունակելու այն պայքարը, որը մենք սկսել ենք 1998 թվականից։ Իսկ 1998 թվականից առ այսօր ՀԺԿ-ն եղել է։

Ինչ վերաբերում է նոր կուսակցության ստեղծմանը, ապա նորմալ եմ համարում։ Տրամաբանական է, երբ անկուսակցականները ուզում են ավելի ակտիվորեն ընդգրկվել քաղաքական գործընթացներում եւ ստեղծում են կուսակցություն։ Մենք պատրաստ ենք նաեւ այդ կուսակցության հետ համագործակցելու։

Ինչ վերաբերում է անվանը, թե ինչու Հայ ազգային կոնգրես։ Այստեղ հարցեր առաջանում են։ Ճիշտն ասած ինձ համար դա այդքան էական չէ։

«Ազատություն»․- Օրինակ եթե նրանք որոշել են ՀԱԿ դաշինքը դարձնել ՀԱԿ կուսակցություն, ես ենթադրում եմ, որ նախապես բոլոր ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունների հետ պետք է քննարկած լինեին մինչեւ այս հայտարարությունը։ Համաձայնություն եղե՞լ է, ընդհանրապես՝ կարծիք հարցրե՞լ են։

Դեմիրճյան․ - Մյուս կուսակցությունների հետ կապված ավելի ճիշտ կլինի ճշտել մյուս կուսակցություններից, ինչ վերաբերում է ՀԺԿ-ին՝ քննարկելու կարիք էլ չկար, որովհետեւ հստակ գիտեին ՀԺԿ-ի մոտեցումը, այն, որ ՀԺԿ-ն մնալու է ՀԺԿ։

«Ազատություն»․- Պարոն Դեմիրճյան, 2003 թվականին Դուք առաջին անգամ փաստորեն բանավեճի մեջ մտաք գործող նախագահի հետ։ Դա առաջին հեռուստաբանավեճն էր մեր իրականության մեջ։ Թողնենք մի կողմ այն հանգամանքները, որում Դուք փաստորեն հայտնվել էիք՝ բանավեճի ընթացքում բավական դժվար պայմաններ էին հավանաբար Ձեզ համար․․․

Դեմիրճյան․ - Ի՞նչ առումով, որ մեկը յոթի դե՞մ էր։

«Ազատություն»․ - Բայց այնուամենայնիվ այդ բանավեճը տեղի ունեցավ։ Ի՞նչ եք կարծում, հիմա պե՞տք է այդպիսի բանավեճ։

Դեմիրճյան․ - Իհարկե պետք են բանավեճեր։ Ժողովրդավարական ընտրությունները ենթադրում են առաջին հերթին բանավեճ։ Բայց երբ կեղծվում են ընտրությունները, երբ տեսնում ենք, թե ինչ այլանդակություններ են կատարում, եւ դրա հետ մեկտեղ խոսում են բանավեճի մասին, սա արդեն դեմոգոգիա է։

«Ազատություն»․ - Ինչ եք կարծում, հաղթե՞լ էիք Դուք։

Դեմիրճյան․ - Ես հաղթել եմ ընտրություններում, դա երկրորդական է բանավեճը։ Իհարկե, չեմ կարծում, թե ես պարտվել եմ բանավեճում։
Հարցազրույցը ներկայացվում է հատվածաբար։ Ամբողջական հարցազրույցը դիտեք կից տեսանյութով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG