Մատչելիության հղումներ

ՊՆ. «Զինված ուժերում նախընտրական քարոզչության ցանկացած փորձ կկանխարգելվի»


Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները մասնակցում են ընտրություններին, արխիվ
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները մասնակցում են ընտրություններին, արխիվ
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ՝ ուղղված զինծառայողների ընտրական իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունների սահմանափակմանը, Զինված ուժերում քաղաքական կամ նախընտրական քարոզչության իրականացման ցանկացած փորձ կկանխարգելվի, իսկ նման քայլեր ձեռնարկող անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ», - այսօր հայտարարել է պաշտպանության նախարարությունը։

Նշելով, որ նախընտրական քարոզչության ամբողջ շրջանում Հայաստանի նախագահի թեկնածուների, տարբեր քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների կողմից հաճախ հնչում են Զինված ուժերում քարոզչության իրականացման, բանակի՝ ընտրության մասնակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, նախարարությունը հիշեցնում է քաղաքական բոլոր ուժերին, որ Սահմանադրության համաձայն` «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:

«Սահմանադրական այս դրույթն իր արտացոլումն է ստացել մի շարք իրավական ակտերում, որոնցից բխում է, որ զինվորական ստորաբաժանումներում նախընտրական քարոզչության իրականացումն արգելվում է: Խստիվ արգելված է նաեւ զինծառայողների կողմից քարոզչության իրականացումը», - ընդգծում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

«Յուրաքանչյուր հրամանատար պարտավոր է գիտակցել, որ Զինված ուժերի հայրենիքի անվտանգության ապահովման գերզբաղվածության պայմաններում իրենց անմիջական պարտականությունների հետ չկապված այլ, այդ թվում` օրենքով արգելված ընտրական գործընթացներում զինծառայողների ընդգրկումը կարող է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը սպառնացող անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել», - ասված է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։

«Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինծառայողը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարող է ազատորեն իրացնել իր ընտրական իրավունքը, զինծառայողներն իրենց ազատ կամահայտնությամբ կարող են մասնակցել ընտրություններին եւ քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի կամ քաղաքական ուժի օգտին», - շեշտում է պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG